
Արմինֆո. Բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումները Փառուխ բնակավայրի շրջանից։ Այդ մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տեղեկագրում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին (2022թ. մարտի 27)։
"Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքների կատարումը։ Ռուս խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:
Արձանագրվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի երկու խախտում Ասկերանի շրջանում: Փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է երկուական մարդ ՝ կողմերից յուրաքանչյուրում։ Հակամարտության կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության կողմից իրադրությունը կայունացել է:
Բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումները Փառուխ բնակավայրի շրջանից: Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումներն ապահովել են Լաչինի միջանցքով Ադրբեջանական Հանրապետության զինված ուժերի երեք շարասյուների ուղեկցումը՝ երկուսը Հյուսիսային եւ մեկը հարավային ուղղություններով: Պարեկություն է իրականացվել Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում ՝ չորս երթուղիներով։
Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներ-սակրավորների կողմից չպայթած ականներից եւ արկերից մաքրվել է 2 358,9 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1 937 շենք, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 26 257 պայթուցիկ առարկա: Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար պահպանվում է Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը", - նշվում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Ուշագրավ է, որ դրանից հետո ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ՌԴ ՊՆ-ին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջ ։
"Ադրբեջանցի զինվորականները շարունակում են մնալ Ղարաբաղի Փառուխ գյուղի եւ մոտակա բարձրունքների դիրքերում։ Ավելին, ՌԴ պաշտպանության նախարարությունը մարտի 27-ի իր հայտարարության մեջ մատնանշել է իրականությանը չհամապատասխանող մի շարք պահեր ։ Մասնավորապես, Փառուխ գյուղի եւ նրա մերձակա բարձունքներում որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել ։ Տեղեկությունն այն մասին, որ ադրբեջանցի զինվորականները հեռացել են այդ դիրքերից, չի համապատասխանում իրականությանը։ Մեր բանակը լիովին վերահսկում է օպերատիվ իրավիճակը", - ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունում նաեւ նշել են, որ "իրականությանը չի համապատասխանում ՌԴ պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունն այն մասին, որ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, եւ ադրբեջանցի զինվորականներն ունեն վիրավորներ":
Մինչդեռ, ԱրմԻնֆո-ի՝ իրավիճակին ծանոթ աղբյուրների համաձայն, Ադրբեջանի զինված ուժերը ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ զորքերը ետ են քաշել դեռեւս մարտի 26-ի՝ լույս 27-ի գիշերը: