Արմինֆո.Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման ուղիներն ու հեռանկարները որոշելու հարցերում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը միանգամայն կարող է հանրաքվե նախաձեռնել ։ Համենայնդեպս, նման հնարավորություն այսօր կարելի է դիտարկել։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՄԳԻՄՕ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի եվրոատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը:
"Դիտարկելով այդ հնարավորությունը, նախեւառաջ, անհրաժեշտ է հիշեցնել, որ ինքը ՝ Փաշինյանը, իշխանության գալով "թավշյա հեղափոխության" արդյունքում, իր վարչապետության արշալույսին բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան խնդրի ցանկացած լուծում ենթադրում է համաժողովրդական հավանություն։ Ինչեւէ, երկու տարի էլ չանցած, 2020 թվի նոյեմբերի 9-ին, ստորագրելով 44-օրյա պատերազմի ավարտի մասին հայտարարությունը, նա, փաստորեն, խախտեց սեփական խոստումը։ Առաջին հերթին, այն պատճառով, որ եռակողմ հայտարարությունն ակնհայտորեն պարունակում էր ապագա խաղաղ կարգավորման ուրվագծեր։ Մինչդեռ, Հայաստանում համաժողովրդական հավանության այդ փաստաթուղթը չի արժանացել, ավելին, անխնա քննադատության օբյեկտ է", - ընդգծել է նա։
Այդուհանդերձ, վերլուծաբանն առկա իրավիճակում Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ Հայաստանում հանրաքվեի տարբերակը դիտարկում է որպես, ընդհանուր առմամբ, իշխող կուսակցության շահերից բխող եւ Փաշինյանի թիմի համար շահավետ: Մարկեդոնովի կանխատեսմամբ, պլեբիսցիտի որոշում կայացնելով, Փաշինյանը պատասխանատվությունը կփոխանցի հանրապետության ժողովրդին։ Ինչը թույլ կտա նրան, առիթի դեպքում, համապատասխան տեղերում հայտարարել, որ անելով ամեն ինչ, ժողովրդի կամքին հակառակ գնալ չի կարող։
Իսկ ժողովրդական կամքն այս հարցում, ըստ Մարկեդոնովի, միանգամայն կարող է բացասաբար արտահայտվել Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հեռանկարի նկատմամբ։ Իսկ ձեռքում ունենալով պլեբիսցիտի նման արդյունքներ՝ ամեն ինչ Հայաստանի գործող ղեկավարության բանակցելու ունակության բացակայության վրա բարդելը բավականին դժվար կլինի: Ինչի հետեւանքով ի հատ կգա նոր բանակցությունների հնարավորություն՝ դիրքորոշումների հստակեցմամբ:
"Այս ամենը բավականին հետաքրքիր է թվում և, իհարկե, կարող է նոր հեռանկարներ բացել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Բայց վերադառնանք Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։ Հատկապես նրա ֆոնային աշխարհաքաղաքական ուղեկցմանը, որն այսօր զգալիորեն ավելի պայծառ եւ ցայտուն է թվում, քան դեռ մեկ ամիս առաջ։ Այստեղ պետք է արձանագրել, որ Ուկրաինայի իրադարձությունների ելքն ազդելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման վրա, այսպես ասենք, ոչ պակաս, քան քաղաքական դիսկուրսներն այդ երկու երկրների ներսում", - ամփոփել է վերլուծաբանը։
Մարտի 23-ին Ազգային ժողովում կառավարական ժամի շրջանակներում "Հայաստան" խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն արտգործնախարար Արարատ Միրզոյանին հարց էր ուղղել Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման ուղիների եւ հեռանկարների շուրջ հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին: Ի պատասխան՝ նախարարը նշել էր, որ այդ հնարավորությունը դեռևս չի քննարկվել և, համապատասխանաբար, մտածելու տեղիք է տալիս։