Արմինֆո.Հարավային Կովկասում նոր ռազմական հակամարտություններն ամենևին էլ բացառված չեն. Այսօր այդ մասին հնարավոր է թվում խոսել բավականին որոշակի։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ, կովկասագետ Անդրեյ Արեշևը։
"Ուկրաինայում եւ Ուկրաինայի շուրջ աառկա լարվածության պայմաններում ակնհայտ է դառնում սեփական նպատակների համար իրավիճակը գործարկելու Բաքվի ձգտումը։ Հասկանալի է, որ խոսքը վերաբերում է Երևանից հնարավորինս առավելագույն զիջումներ են ստանալուն։ Ակնհայտ է նաև Հայաստանի ղեկավարության՝ իրավիճակը կարգավորելու և Արևմուտքի միջոցով ադրբեջանական ախորժակը զսպելու ձգտումը։ Վախենամ՝ Արևմուտքի օգնությանն առնչվող հաշվարկները չարդարացվեն, և, փոխարենը, հայ հասարակությունը ստանա միայն բարեկամության հերթական հավաստիացումներ", - նշել է նա։
Ամեն դեպքում, Արեշևը տեսնում է արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու Հայաստանի ձգտում, ինչը ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններում, նրա կարծիքով, կարող է հանգեցնել ոչ թե Արևմուտքի, այլ Թուրքիայի հետ հարաբերությունների ամրապնդմանը։ Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանը վերջին շրջանում բավականին ակտիվ է շարժվում հենց թուրքական ուղղությամբ։
Մոսկվան, այդ ֆոնին, ըստ քաղաքագետի, բավական հավասարակշռված քաղաքականություն է վարում Երևանի և Բաքվի միջև, ինչի օրինակ էր վերջերս ՌԴ-Ադրբեջան դաշնակցային հռչակագրի ստորագրումը։ Հաշվի առնելով Հայաստանի մասնակցությունը Ռուսաստանի հետ համատեղ ինտեգրացիոն նախագծերին և բարձր մակարդակի երկկողմ հարաբերությունները՝ այդ փաստաթուղթը, նրա կարծիքով, բացասական ազդեցություն չի ունենա ռուս-հայկական հարաբերությունների վրա:
"Կարևոր է հասկանալ, որ մշտապես փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին տարածաշրջանային անվտանգության ապահովման տեսանկյունից թե Հայաստանը, թե Ադրբեջանը ՌԴ-ի համար տարածաշրջանային կարևոր գործընկերներ են։ Կարծում եմ, որ Մոսկվան կշարունակի աշխատել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հասնելու ուղղությամբ։ Ինչի գլխավոր ցուցիչ կարող է լինել Արցախում ռուս խաղաղապահների առաքելության շարունակման համաձայնությունը", - ընդգծել է նա։
Վերջինը, ի թիվս այլ բաների, ըստ Արեշևի, նաև պահանջում է երկխոսության հաջող զարգացում Ռուսաստանի և Ադրբեջանի, Ռուսաստանի ու Հայաստանի միջև։ Այդ թվում՝ տնտեսական և հաղորդակցային համագործակցության զարգացման ուղղությամբ։ Հետևաբար, Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների մեծ կանխատեսելիությունն ու հրապարակայնությունը, նրա կանխատեսմամբ, կհանգեցնի իրավիճակի կայունացմանը ՌԴ խաղապահների կողմից համակարգվող Արցախի շուրջ ։