Արմինֆո. Երեւանում եւ Ստեփանակերտում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի հակամարդկային գործողությունների կապակցությամբ:
Մարտի 24-ին Ստեփանակերտի մանկական հիվանդանոցի դիմաց հավաքվել են երեխաներ ու կանայք, ովքեր իրենց բողոքն են արտահայտել Ադրբեջանի հակամարդկային գործողությունների կապակցությամբ, որը մարտի 8-ից ահաբեկում է խաղաղ բնակչությանը, խոչընդոտում Լեռնային Ղարաբաղի գազամատակարարմանը։ "Սիրելի բարեկամներ, այն, ինչ հիմա տեղի է ունենում Արցախում, կարելի է անվանել միայն հումանիտար աղետ ։ Գազատարը միտումնավոր վնասելն ու ապօրինի փականի տեղադրմամբ փակելը խիստ, ձնառատ օրերին, խաղաղ բնակչությանը թողնելով առանց ջերմության, ահաբեկչության ակտ է։ Եթե ոչ մենք՝ հասարակ քաղաքացիներս, ապա ո՞վ մեր փոխարեն աշխարհի կիրազեկի այն մասին, թե Արցախի ժողովրդի նկատմամբ ինչպես են վերաբերվում ադրբեջանական իշխանությունները: Մենք հավաքվել ենք այստեղ և խաղաղ հանրահավաք ենք անցկացնում մեր տանը ապրելու իրավունքի համար։ Մենք այս բողոքի ակցիայով ուզում ենք աշխարհին ցույց տալ, որ մենք կանք և մենք խաղաղություն ենք ցանկանում մեր երեխաների համար՝ սեփական հողի վրա", - հայտարարել են միջոցառման կազմակերպիչները։ Խաղաղ ակցիայի մասնակիցները նաև հիշեցրել են, որ Արցախի բնակչությունն ունի նույն իրավունքները, ինչ այլ պետությունների բնակչությունը, ինչի մասին գրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ: Այս համատեքստում կոչ է արվել միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել՝ սանձելու Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները։
Համանման ակցիա է տեղի ունեցել Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։ Բողոքի ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ից պահանջել են դադարեցնել երկակի ստանդարտների քաղաքականությունը և արձագանքել Արցախում հումանիտար ճգնաժամին, ինչի պատճառն այն է, որ Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը: Բողոքի ակցիայի մասնակիցները բերել են "Ջերմացրեք Արցախի երեխաներին", "Անվտանգ ապրելու իրավունք", "Ալիևն ահաբեկիչ է" և այլ գրառումներով պաստառներ