Արմինֆո. Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչների կողմից բարձրացվող խնդիրներին մինչև այսօրվա ակցիան էլ տեղեկացված է թե՛ Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ և թե՛ Պաշտպանի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումը։ Այդ մասին ասվում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
«Այսօր բնակիչների կողմից ճանապարհ փակելու առաջին իսկ պահից մինչև այժմ ուշադրությամբ հետևում ենք ներկայացվող պահանջներին և ուղիղ կապի մեջ ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչների հետ։ Պաշտպանի ներկայացուցիչները նաև կապի մեջ են տեղում գտնվող առանձին բնակիչների հետ։ Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է իր անմիջական ուշադրության ներքո պահել բնակիչների բարձրացված խնդիրները և իր իրավասության սահմաններում աջակցելու է ստեղծված իրավիճակի լուծմանը», - ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ այսօր ՝ մարտի 23 - ին, Սեւան խոշորացված համայնքի Ծովագյուղ եւ Սեմյոնովկա գյուղերի բնակիչները փակել են Երեւան-Սեւան մայրուղին եւ պահանջում են հանդիպում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ: Գյուղացիները դեմ են համայնքների խոշորացմանը։ Այդ առնչությամբ նրանք պահանջում են, որ Սանոսյանը գա և լուծի իրենց հարցերը։ Ցուցարարները հայտարարում են, որ մինչև Սանոսյանը չգա, ճանապարհը չի ապաշրջափակվի։ Համայնքի բնակիչները նաև ներողություն են խնդրել բոլոր այն քաղաքացիներից, ովքեր տուժել են այսօր ճանապարհի փակման հետևանքով: "Մեր պատերազմը կառավարության հետ չէ, մեր պատերազմը Սանոսյանի հետ է։ Թող գա, մենք էլ ճանապարհ բացենք", - ասել են ցուցարարները, նշելով, որ ավելի վաղ Սանոսյանն իրենց արդեն խաբել է։ Սանոսյանն առայժմ ոչ մի կերպ չի արձագանքել պահանջին, ճանապարհը շարունակում է արգելափակված մնալ։
2021 թվականի դեկտեմբերի 5-ին Սեմյոնովկայի եւ Ծովագյուղի բնակիչները բոյկոտել էին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Հարկ է նաև ուշադրություն դարձնել, որ հայկական գյուղերի բնակիչները մեծ մասամբ դեմ էին համայնքների խոշորացմանը, վստահեցնելով, որ դա կհանգեցնի բնակչության նոր արտահոսքի։ Սակայն գյուղերի բնակիչների կարծիքն անտեսվել է։