
Արմինֆո. «Եվրոպական միությունը մտահոգ է Ստեփանակերտ/Խանքենդի քաղաքում գազի մատակարարման նոր խափանման մասին հաղորդմամբ։
Եվրոպական միությունը մտահոգ է Ստեփանակերտ/Խանքենդի քաղաքում գազի մատակարարման նոր խափանման մասին հաղորդմամբ»։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հաղորդման համաձայն, այդ մասին ասվում է ԵՄ խոսնակի հայտարարությունում:
«Ս․թ․ մարտի 8-ին՝ գազամատակարարման առաջին խափանումից հետո ԵՄ-ը խրախուսել էր Ադրբեջանին ակտիվ ներգրավվածությունը սույն հարցում, ինչը հանգեցրեց նորոգման աշխատանքների իրականացմանը և գազամատակարարման վերականգնմանը՝ ս․թ մարտի 19-ին։
Հրատապ անհրաժեշտություն կա անհապաղ վերականգնել գազամատակարարումը ազդակիր տեղաբնակչությանը, մասնավորապես՝ սոսկալի եղանակային պայմանների համատեքստում։ ԵՄ-ը կոչ է անում վերահսկում իրականացնող իշխանություններին թույլ տալ, որպեսզի դա տեղի ունենա։
Եվրոպական միությունը ուշադրությամբ հետևում է այս և տարածաշրջանում տեղի ունեցող այլ զարգացումներին և կշարունակի իր ներգրավվածությունը՝ հանուն հարատև խաղաղության և կայունության Հարավային Կովկասում», - ասվում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կայքում հրապարակված հայտարարությունում։
Նշենք, որ մարտի 21-ից Արցախի բնակչությունը կրկին մնացել է առանց գազի։ "Ադրբեջանական կողմի ուղղակի միջամտության պատճառով Արցախի Հանրապետություն գազի մատակարարումը կրկին դադարեցվել է ։ Մենք բավարար հիմքեր ունենք պնդելու, որ մարտի 8-ին պայթած գազատարի վերանորոգման աշխատանքների ժամանակ ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որով մի քանի ժամ առաջ փակել էր գազի մատակարարումը ։ Եղանակային անբարենպաստ պայմանները ծառայում են Ադրբեջանի նենգ նպատակին ՝ մեր բնակչության համար լրացուցիչ հումանիտար խնդիրներ ստեղծելու համար, ինչը հանցագործություն է ։ Իրավիճակի մասին անմիջապես զեկուցվել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարությանը, որոնց հետ Արցախի իշխանությունները համապատասխան ջանքեր են գործադրում գազամատակարարման վերականգնման համար", - ասված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրությունում: Իրավիճակն առայժմ չի կարգավորվել։ Ավելի քան 100 հազար մարդ սառչում է Արցախում՝ միջազգային հանրության անգործության ֆոնին։ Հատկանշական է, որ Ադրբեջանը, արձագանքելով Արցախի գազամատակարարումը վերսկսելու Հայաստանի ԱԳՆ կոչին, հայտարարել է, թե "դա Բաքվի ներքին գործն է, եւ կոչ է արել Երեւանին չմիջամտել":