Արմինֆո.Դեռևս հիպոթետիկ միութենական պետությանը հիպոթետիկ անդամակցությունը Հայաստանի համար կվերածվի ոչ միայն ինքնիշխանության, այլ նաև նոր տարածքների կորստի։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Հանրապետություն" կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։
"Մենք այդ ամենի միջով արդեն մեկ անգամ անցել ենք՝ համապատասխան բոլոր հետևանքներով։ Հետևաբար, այսօր հայ ժողովուրդն առաջին հերթին պետք է հույսը դնի ինքն իր վրա։ Այն է՝ ողջ աշխարհի հայերի հավաքական ներուժի վրա։ Անհրաժեշտ է բոլոր հնարավոր ջանքերը գործադրել համայն հայության համար միասնական նպատակների շուրջ համախմբման հասնելու ուղղությամբ։ Եվ արդեն հետո, իհարկե, ներդաշնակեցնել Հայաստանի արտաքին ու տնտեսական քաղաքականությունը ՝ ժողովրդավարական, տեխնոլոգիապես զարգացած պետությունների ուղղությամբ դրա դիվերսիֆիկացիայի միջոցով", - ընդգծել է նա։
Մեկնաբանելով առկա իրավիճակը՝ քաղաքական գործիչը ենթադրել է, որ Թուրքիան Ռուսաստանի աջակցությամբ այսօր փորձում է պարտադրել Հայաստանին ստորագրել Ադրբեջանի առաջարկած խաղաղության համաձայնագիրը: Մինչդեռ, ԱՄՆ-ը և ԵՄ-ը շարունակում են որպես Հարավային Կովկասում խաղաղության հասնելու միջոց դիտարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Արցախի կարգավիճակի սահմանումը ։
Բաքվի վերջին "գազային" խաղերի լույսի ներքո Սարգսյանը հիշեցրել է, որ Ադրբեջանի կողմից ստեղծվող այս եւ այլ խնդիրները, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի, առաջին հերթին, պետք է լուծեն ռուս խաղաղապահները: Եվ այն, որ մի ամբողջ շաբաթվա ընթացքում ռուս զինվորականները ի զորու չեղան վերջնականապես վերականգնել Արցախի գազամատակարարումը, չկարողացան մոտենալ խողովակին չեզոք տարածքում, նրա կարծիքով, խոսում է այդ հարցը լուծելու նրանց ցանկության բացակայության մասին։
"Արտգործնախարար Լավրովի մեկ զանգը բավարար կլիներ Բաքվին կարգի հրավիրելու և Արցախի գազամատակարարումը վերականգնելու համար։ Նույնիսկ՝ առկա աշխարհաքաղաքական իրավիճակում: Սակայն, եթե Մոսկվայում ցանկանում են լուծել այդ հարցը, բայց չեն կարող, ապա դա առիթ է դառնում Հայաստանում բոլորովին այլ հետեւությունների ձևավորման համար", - ընդգծել է նա։
Մեկնաբանելով Արցախի նկատմամբ եւ Հայաստանի հետ սահմանին ալիեւյան ռեժիմի ներկայիս ագրեսիվ պահվածքի պատճառները՝ Սարգսյանը դա պայմանավորել է առաջիկա բանակցությունների ընթացքում Հայաստանից հնարավորինս շատ զիջումներ կորզելու Ադրբեջանի դինաստիական տիրակալի ձգտմամբ՝ հայ ժողովրդին տագնապի և լարվածության վիճակում պահելու միջոցով: Ամեն դեպքում, քաղաքական գործիչը չի կարծում, որ այս փուլում Ալիևը կարող է իր կողմից լարվածությունն լիամասշտաբ մարտական գործողությունների վերածել։ Առաջին հերթին, այն պատճառով, որ դրանով իսկ նա վերջնական, արդեն մահացու հարված կհասցնի ՌԴ հեղինակությանը։ Իր համար ուղեկցող բոլոր հետևանքներով։