
Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումն Ադրբեջանի ներքին գործն է: Նման օդիոզ հայտարարությամբ այսօր հանդես է եկել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության պետ Լեյլա Աբդուլլաևան, որն այդ կերպ, ըստ երևույթին, որոշել է արդարացնել հումանիտար ահաբեկչությունը, որը տեղի է ունեցել ադրբեջանական իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ:
"Մի քանի օր առաջ Հայաստանի ԱԳՆ-ը փորձել է միջամտել Ադրբեջանի ներքին գործերին' կապված մի քանի օր առաջ Ադրբեջանում (Ադրբեջանի կողմից գրավված հայկական Շուշիում - խմբ.) անցկացված միջոցառմանը միջազգային կազմակերպությունների մասնակցության հետ, իսկ այժմ փորձում է միջամտել Ադրբեջանի ներքին գործերին մեկ այլ թեմայով", - նշել է Աբդուլաեւան' արձագանքելով Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը' կապված Արցախի գազամատակարարման վերսկսման անհրաժեշտության հետ:
Բավարար չհամարելով այդ սկանդալային հայտարարությունը՝ բաքվեցի դիվանագետը որոշել է հուսալիության համար նաեւ մեղադրել Հայաստանին ապակառուցողականության եւ անհիմն պնդումներ տարածելու համար։ Կարծես թե՝ ոչ թե Ադրբեջանն է մարտի 8-ից ահաբեկում Արցախի բնակչությանը ՝ մեկ բացելով, մեկ էլ փակելով գազատարի փականը, այլ՝ Հայաստանը։
Իսկ վերջում նա նաեւ որոշել է խորհուրդ տալ Հայաստանին, կարծես, իրեն ինչ-որ մեկը խնդրել էր, ապահովել եռակողմ հայտարարությունների գծով իր պարտավորությունների կատարումը, "ներառյալ տարածաշրջանում գտնվող զինված ուժերի մնացորդների դուրս բերումը", եւ դրանով իսկ նպաստել տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը, այլ ոչ թե հանդես գալ անհիմն պնդումներով:
Ընդ որում, Աբդուլաեւան, չգիտես ինչու, մոռացել է, որ միակը, որ այս պայմաններում չի կատարում պայմանավորվածությունները, դա Բաքուն է, որը ոչ միայն խախտելով այդ հայտարարությունների 8-րդ կետը, պատանդ է պահում հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց, այլեւ խոչընդոտում է ՅՈՒՆԵՍԿՕ - ի գնահատման առաքելության, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցին տարածաշրջան: Իսկ դրան զուգընթաց՝ ադրբեջանցի զինվորականներն օրեցօր ներխուժում են ՀՀ ինքնիշխան տարածքներ՝ գրավելով նորանոր տարածքներ։
Ավելին, հաշվի առնելով պաշտոնական Բաքվի այս հայտարարությունը, կարելի է ենթադրել, թե ինչ ճակատագիր է սպասելու Լեռնային Ղարաբաղի հայերին, եթե հանկարծ նրանք հայտնվեն Ադրբեջանի իրավասության տակ։ Չէ որ ԼՂԻՄ-ում հայերի լավ կյանքից չէր, որ 1988 թվականին ծնունդ առավ ղարաբաղյան ազատագրական շարժումը։ Այն ժամանակ էլ ադրբեջանական իշխանություններն ամեն կերպ նվաստացնում ու ահաբեկում էին հայ բնակչությանը, անում էին ամեն ինչ, որպեսզի նրանք լքեն իրենց հարազատ տները և հեռանան Լեռնային Ղարաբաղից։ Այս քաղաքականությունը շարունակվում է նաև այսօր։ Իսկ ողջ քաղաքակիրթ աշխարհն աչք է փակում ադրբեջանական իշխանությունների այդ աղաղակող գործողությունների վրա. նավթադոլարները և էներգառեսուրսները խավարել են նրանց ուղեղն ու փակել աչքերը։
Նշենք, որ մարտի 21-ից Արցախի բնակչությունը կրկին մնացել է առանց գազի։