Արմինֆո.Ազգային ժողովի "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը մարտի 22-ին չի մասնակցել ընդդիմության ներկայացրած "Արցախի Հանրապետությունում հումանիտար իրավիճակը, սպառնալիքներն ու հրատապ գործողությունները" թեմայով հայտարարության նախագծի քվեարկությանը: Արդյունքում՝ Ազգային ժողովը չի ընդունել փաստաթուղթը:
Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ պատգամավորների առնվազն 1/5-ի գրավոր դիմումի համաձայն, Հայաստանի խորհրդարանը փակ ռեժիմով արտահերթ քննարկում է անցկացնելու տվյալ թեմայի շուրջ: Ընդդիմության առաջարկով քննարկմանը մասնակցել են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ որպես զեկուցողներ:
Փակ նիստից հետո "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հաղորդել է, որ օրինագիծը քննարկվել է խմբակցությունում: "Մեզանից շատերը կիսում են այստեղ արտահայտած տեսակետները", - հայտարարել է նա, վստահեցնելով, որ Հայաստանի իշխանությունները բոլոր հասանելի խողովակներով ամենօրյա ռեժիմով անդրադառնում են այդ հարցերին։ "Հաշվի առնելով այն փաստը, որ մենք օգտագործում ենք դիվանագիտական բոլոր խողովակներն ու գործիքները այդ հարցերը լուծելու համար, մենք կարծում ենք, որ այս պահին դրանք բավարար են այդ հարցը լուծելու համար", - ասել է խմբակցության ղեկավարը, նշելով, որ ՔՊ-ը չի մասնակցելու այդ հարցի քննարկմանը:
Արդյունքում՝ քվեարկությանը մասնակցել և կողմ է քվեարկել 107 ժողովրդական ընտրյալներից ընդամենը 30-ը (ընդդիմության պատգամավորներ):
Մեկ շաբաթ առաջ ԱԺ "Հայաստան" և "Պատիվ ունեմ" ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հայտարարել էին, որ խորհրդարանում հրատապ քննարկում են նախաձեռնում Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի, ինչպես նաև սպառնալիքների և անհետաձգելի գործողությունների վերաբերյալ: Նիստի ավարտին ընդդիմությունը նախատեսում էր ներկայացնել հայտարարության տեքստ, որում խոսվում է Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի համակարգված ագրեսիայի և ահաբեկչության մասին, ՀՀ Ազգային ժողովի անունից աջակցություն է հայտնվում Արցախին և նրա բնակչությանը: Բացի այդ, նշվում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեն ուժի կիրառման, 44-օրյա պատերազմի սանձազերծման, ագրեսիայի, հազարավոր զոհերի, ռազմական հանցագործությունների, ստեղծված իրավիճակի, այդ թվում ՝ շարունակվող ահաբեկչության եւ հումանիտար աղետ սադրելու համար: