Արմինֆո. Ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ Այդ մասին հաղորդել է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը։ Ադրբեջանը ստեղծված եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնում է մեր ազգաբնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու նենգ գործին և դիմում հանցավոր քայլի։
Իրավիճակի մասին անմիջապես տեղեկացվել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, որի հետ միասին Արցախի իշխանությունները գործադրում են համապատասխան ջանքեր գազամատակարարման վերականգնման նպատակով:
Միևնույն ժամանակ հորդորում ենք քաղաքացիներին հնարավորինս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան՝ խուսափելու համար էլեկտրամատակարարման համակարգի հնարավոր խափանումներից», - ասվում է հաղորդագրությունում:
Փորձագետները կարծում են, որ ադրբեջանական կողմը թույլ էր տվել վերանորոգել գազամուղը, որպեսզի չձախողի օկուպացված Շուշիում ՄԱԿ ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպված միջոցառումը: Այն բանից հետո, երբ միջոցառումը հաջողությամբ անց է կացվել, հակառակորդը կրկին փակել է փականն ու դադարեցրել գազի մատակարարումը հանրապետություն։ Եվ այդ քայլը կատարվում է այն պայմաններում, երբ Արցախում տարվա այս եղանակին աննախադեպ քանակությամբ ձյուն է տեղացել ։