Արմինֆո.Օրվա ընթացքում ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները, եւ այս պահին բնական գազն արդեն իսկ մատակարարվում է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։ Այդ մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ անվտանգ և անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով բնական գազի օգտագործումն «Արցախգազ» ՓԲԸ բաժանորդներին հասանելի կլինի սկսած մարտի 19-ից», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ գործողությունների արդյունքում Արցախի բնակիչները մարտի 8-ից զրկված են գազից, ցանցի ծանրաբեռնվածության պատճառով էլեկտրամատակարարման խափանումներ են դիտվում: Ադրբեջանի ԶՈՒ-ն այս բոլոր օրերին խոչընդոտել է գազամատակարարման վերականգնմանը։ Ցրտերի պատճառով դպրոցներում դադարեցվել են ուսումնական գործընթացները, չեն աշխատում նաեւ մանկապարտեզները։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, ադրբեջանական կողմը վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները սկսել էր միայն մարտի 16-ին: