Արմինֆո.Բաքվի առաջարկների առնչությամբ Երևանի դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբին մի շարք հարցեր է առաջացնում և տարբեր մեկնաբանությունների ու վարկածների տեղիք տալիս։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը։
Մարտի 14-ին Հայաստանի ԱԳՆ տարածած հայտարարության համաձայն, Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։
"Ընթացիկ թյուրըմբռնումը փարատելու նպատակով լավ կլիներ, իհարկե, որ Երեւանը հստակ եւ հրապարակավ ուրվագծեր կարմիր գծերը Բաքվի առաջարկած 5 կետից բաղկացած փաստաթղթում։ Կարևոր է նաև հասկանալ, թե արդյոք այդ դիմումը ենթադրում է փոփոխություն Մինսկի խմբի մանդատում։ Հայտնի է, որ 1994թ. համանախագահների մանդատը, ըստ էության, ենթադրում է միայն արցախյան հարցի, այլ ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորում", - նշել է նա։
Պողոսյանը նշել է, որ հաշվի առնելով Երեւանի հայտարարություններն այն մասին, որ արցախյան հակամարտությունը նախկինի պես հեռու է ավարտված լինելուց, նրա կոչը ԵԱՀԿ ՄԽ-ին, ըստ էության, պետք է ենթադրի համանախագահության շրջանակներում եւս մեկ լրացուցիչ նախաձեռնության ձեւավորում: Ինչ առաջացնում է ևս մեկ հարց. իսկ ինչպես վարվել, այդ դեպքում, բուն արցախյան խնդրի հետ, որը ժամանակի ընթացքում նոր դժվարություններ է ստեղծում։ Եվ, եթե խոսքն իսկապես նոր նախաձեռնության մասին է, ապա, ըստ փորձագետի, անհրաժեշտություն է առաջանում հասարակությանը տեղեկացնել այդ ուղղությամբ ԱԳՆ-ի և կառավարության հետագա մտադրությունների մասին։
"Ես նաև մինչ օրս չեմ տեսնում ԱԳՆ արձագանքը ցրտից սառչող արցախցիների նկատմամբ հոգեբանական և այլ տեսակի ահաբեկչության վերջին դրսևորումներին։ Կարծում եմ, որ նրանց ճակատագիրը նույնպես պետք է քննարկման մաս դառնա։ Բայց այս ամենում կան նաև խնդիրներ։ Մասնավորապես, Թուրքիայի արտգործնախարարը Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները բնութագրել է որպես երկու պետությունների գործ։ Եվ կոչ է արել մյուսներին չմիջամտել այդ գործերին։
Մեկ այլ խնդիր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ - ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև առկա հակասությունները։ Մենք տեսնում ենք, որ այդ հակասությունները միայն խորանում են և արդեն հասել են առճակատման մակարդակի", - նշել է նա։