
Արմինֆո.Այս պահին կա Հայաստանի տարածք ադրբեջանական զինված ոչ թե 3, այլ 4 ներխուժում: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։
«Այս պահին կա Հայաստանի տարածք ադրբեջանական զինված ոչ թե 3, այլ 4 ներխուժում`
1. Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ - 2022թ. մարտ:
2. Սյունիքի մարզի Գորիս համայնք (հիմնական` Սև լճի տարածք` Ակներ ու Վերիշեն գյուղերի ուղղությամբ, Իշխանասարի հատված) - 2021թ. մայիս:
3. Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք (Կութ, Վերին Շորժա և մի շարք այլ գյուղեր) - 2021թ. մայիս:
4. Սյունիքի մարզի Ծավ գյուղին հարող սահմանային հատված - 2020թ. հոկտեմբեր:
Բոլորին խնդրում եմ չանտեսել Ծավ գյուղի հատվածում ՀՀ ներխուժումը և դա նույնպես նկատի ունենալ բոլոր գործողություններում:
Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայություն (2020թ. նոյեմբեր-դեկտեմբեր), ինչպես նաև այդ ճանապարհների անօրինական արգելափակումներ (2021թ. նոյեմբեր):
Չպետք է մոռանանք նաև, որ 2020թ. նոյեմբերից սկսած ՀՀ գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինված ծառայողները ներկա են հաճախ դեռ խորհրդային տարիներից օրինական փաստաթղթերով ՀՀ բնակիչներին պատկանող, ինչպես նաև համայնքային սեփականության հողատարածքներում ու տներում:
Այս ամենին զուգահեռ, ադրբեջանական իշխանությունները բարձրագույն մակարդակով շարունակում են ատելության, թշնամանքի քարոզի քաղաքականությունը և իրենց ներկայությամբ, ու ադրբեջանական զինված ծառայողները անհնարինության են վերածել մեր սահմանային բնակիչների բնականոն կյանքը», - գրել է նախկին օմբուդսմենը:
Նշենք, որ մարտի 15-ին հայկական ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ հակառակորդը կրկին առաջ է շարժվել ՀՀ ինքնիշխան տարածքի խորքը: Հայկական ռեսուրսները, վկայակոչելով Ներքին Հանդ գյուղի վարչակազմի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանին եւ գյուղի բնակիչներին, հաղորդել են, որ մարտի 3-5-ն ընկած ժամանակահատվածում գյուղի մոտ Ադրբեջանի զինված ուժերը մոտ մեկ կիլոմետր առաջ են շարժվել եւ վրաններ տեղադրել: Նշվում էր, որ ադրբեջանական կողմի դիրքերից դիտարկվում են գյուղական գերեզմաուտը, ինչպես նաև խմելու ջրի աղբյուրները, Ներքին Հանդի արոտավայրերը գտնվում են այդ հատվածում, բնակիչները վախենում են այնտեղ զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով: Նշվում էր նաև, որ ՀՀ ՊՆ-ում ծանոթ են իրավիճակին և նաև այդ հատվածում պահակակետ են տեղադրել: ՊՆ-ում այդ հաղորդագրությունը ապատեղեկատվություն են որակե, վստահեցնելով, որ դա ադրբեջանական կողմի դիրքն է։