Արմինֆո.Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նշանակալի եւ խորհրդանշական քայլ է համարում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը:
«Ֆակտորի» հետ հարցազրույցում այն հարցին, թե ինչու է նա խոստումնալից համարել Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Մեւլութ Չավուշօղլուի հանդիպումը, Կլաարը, մասնավորապես, ասել է. "Դա երկար ժամանակից ի վեր առաջին նման հանդիպումն էր, ինչն ինքնին չափազանց կարեւոր է։ Իհարկե, արդյունքները նույնպես շատ կարեւոր են, բայց երբեմն հանդիպումը ինքնին արդյունք է: Իհարկե, վերջին ամիսներին մենք տեսել ենք հատուկ ներկայացուցիչների հանդիպումները՝ Ռուբինյանը հանդիպել է իր թուրք գործընկերոջ հետ։ Ես հավատում եմ, և ԵՄ-ն հավատում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև այդ շփումները չափազանց կարևոր են։ Իսկ հիմա արտգործնախարարների պաշտոնական հանդիպումն ինքնին կարևոր է առաջ շարժվելու համար, իսկ հետո կոնկրետ արդյունքներ ունենալու համար, օրինակ, սահմանների բացումը։ Դա այն է, ինչի կոչ է անում ԵՄ-ն"։
Նրա խոսքով ՝ ԵՄ-ն ակնկալում է, որ դա հարաբերությունների կարգավորման առաջին քայլն էր, դա այն էր, ինչ կցանկանային տեսնել Բրյուսելում:
Նշենք, որ փետրվարի 24-ին Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ դեսպան Սերդար Քըլըչի երկրորդ հանդիպումը՝ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Հատուկ ներկայացուցիչները հաստատել են, որ բանակցությունների վերջնական նպատակը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ լիարժեք կարգավորումն է, ինչի մասին էլ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հունվարի 14-ին Մոսկվայում կայացած իրենց առաջին հանդիպման ժամանակ: Կարգավորման գործընթացի մեկնարկի մասին նախորդ տարվա դեկտեմբերի 13-ին հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ընդ որում, նա ընդգծել էր, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերի ուղղությամբ Անկարան կգործի Ադրբեջանի հետ համակարգմամբ:
Նշենք նաև, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 10-13-ը Անթալիայում մասնակցել է դիվանագիտական համաժողովին։ Իսկ մարտի 16-ին թուրքական Anadolu-ին տված հարցազրույցում Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի բնակչությունը սատարում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նա նշել է, որ որոշ խմբեր, ինչպես հայկական, այնպես էլ թուրքական հասարակությունում, թերահավատորեն են վերաբերվում կարգավորմանը ։ Ընդ որում, ԱԳ նախարարն ընդգծել է, որ երկու կողմերի պաշտոնատար անձինք պետք է իրենց վրա վերցնեն քաղաքական առաջնորդությունը այդ հարցերը լուծելու համար: Հատկանշական է, որ Թուրքիայում և Հայաստանում անցկացված սոցհարցումները հակառակի մասին են վկայում։ Երկու երկրներում էլ բնակիչների գերակշռող մեծամասնությունը ոչ միայն պատրաստ չէ հարաբերությունների կարգավորմանը, այլեւ միմյանց մեջ սպառնալիք են տեսնում սեփական անվտանգության համար: