
Արմինֆո.Ռուսաստանը ողջունում է երկու հարեւան երկրների ՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ կապերի կարգավորման կուրսը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մարտի 16-ին Մոսկվայում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ բանակցությունների ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։
"Կազմակերպվել են առաջին հանդիպումները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Այդ մասին պարոն նախարարը հաստատ կպատմի։ Մենք մեր կողմից պատրաստ կլինենք համատեղ աշխատանքի բոլոր այլ ուղղություններով, որոնք թույլ կտան խորացնել համագործակցությունն Անդրկովկասի երկրների միջեւ", - ասել է Լավրովը, հավելելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները, որոնք ապացուցել են իրենց գործնական օգտակարությունը:
Թուրքական դիվանագիտության ղեկավարը, իր հերթին, մատնանշել է Հարավային Կովկասում առկա գործընթացներում ձեռք բերված առաջընթացը: "Հայաստանի հետ որոշակի գործընթաց կա։ [Հայաստանի եւ Թուրքիայի] հատուկ ներկայացուցիչները իրենց առաջին շփումներն են անցկացրել այն պայմանների շնորհիվ, որոնք Ռուսաստանը ստեղծել է այստեղ՝ Մոսկվայում: Անթալիայում կայացած դիվանագիտական համաժողովում շատ լավ շփումներ և երկխոսություն հաստատվեց [Հայաստանի հետ]։ Ռուսաստանն ամենասկզբից աջակցություն է ցուցաբերում։ Ադրբեջանը նույնպես աջակցում է մեզ այդ հարցում։ Առաջին հերթին, եկեք, նախ, ապահովենք հրադադարի ռեժիմի պահպանումը, հաստատենք խաղաղություն, որպեսզի մեր տարածաշրջանը լինի խաղաղ, և շարունակենք մեր բոլոր ջանքերն այդ ուղղությամբ", - ասել է Չավուշօղլուն՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով ռուսական կողմին աջակցության և այդ աշխատանքի պայմանների ստեղծման համար։ Նշենք, որ փետրվարի 24-ին Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ դեսպան Սերդար Քըլըչի երկրորդ հանդիպումը հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Հատուկ ներկայացուցիչները հաստատել են, որ բանակցությունների վերջնական նպատակը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ լիարժեք կարգավորումն է, ինչի մասին էլ պայմանավորվածություն է ձեռք բերվել հունվարի 14-ին Մոսկվայում կայացած իրենց առաջին հանդիպման ժամանակ: Կարգավորման գործընթացի գործարկման մասին 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հայտնել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն: Ընդ որում, նա ընդգծել էր, որ Անկարան կգործի Ադրբեջանի հետ համակարգմամբ՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերի վերաբերյալ:
Նշենք նաև, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 10-13-ը Անթալիայում մասնակցել է դիվանագիտական համաժողովին ։ Իսկ նախօրեին ՝ մարտի 15-ին, թուրքական Anadolu-ին տված հարցազրույցում Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանի բնակչությունը սատարում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին ։ Նա նշել է, որ որոշ խմբեր, ինչպես հայկական, այնպես էլ թուրքական հասարակությունում, թերահավատորեն են վերաբերվում կարգավորմանը։ Ընդ որում, ԱԳ նախարարն ընդգծել է, որ երկու կողմերի պաշտոնատար անձինք պետք է իրենց վրա վերցնեն քաղաքական 0առաջնորդությունը այդ հարցերը լուծելու համար: Հատկանշական է, որ Թուրքիայում և Հայաստանում անցկացված սոցհարցումները հակառակի մասին են վկայում ։ Երկու երկրներում էլ բնակիչների գերակշռող մեծամասնությունը (ավելի քան 80%) ոչ միայն պատրաստ չեն հարաբերությունների կարգավորմանը, այլեւ միմյանց մեջ սպառնալիք են տեսնում սեփական անվտանգության համար: