Արմինֆո. Իրադրությունն առաջնագծում կայուն լարված է: Այդ մասին մարտի 15-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Լրագրողների խնդրանքով գնահատելով հաղորդագրություններն այն մասին, թե հակառակորդը Սյունիքում կրկին առաջացել է 1 կմ, պաշտոնյան առաջարկել է խոսել ընդհանուր իրավիճակի, այլ ոչ թե կոնկրետ ուղղության մասին։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ վերջին շրջանում իրավիճակը լարված է։ "Կարող ենք բնութագրել որպես կայուն լարված։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ մարտի 13-ի՝ լույս 14-ի գիշերը և այսօր, թեև մենք լուրջ խնդիրներ չենք ունեցել, բայց իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Հարցը Սյունիքը չէ, լարվածությունն Արցախի ուղղությամբ է։ Միջոցներ են ձեռնարկվում հնարավոր սադրանքները և սրացումը կանխելու ուղղությամբ՝ բանակցությունների և այլ գործողությունների ճանապարհով", - ասել է նա։
Ընդ որում, փոխնախարարը հավաստիացրել է, որ հակառակորդի կողմից որեւէ առաջխաղացում չկա, հավելելով, որ Հայաստանում հնարավոր չէ որեւէ բան թաքցնել, եւ, եթե նման խնդիր լինի, Պաշտպանության նախարարությունն անպայման կներկայացնի այն:
Դիտարկմանը, թե Ներքին Հանդի բնակիչներն ու համայնքի ղեկավարը պնդում են, որ ադրբեջանցիները մեկ կիլոմետր առաջացել են, Արման Սարգսյանը ևս մեկ անգամ կրկնել է, որ այս պահի դրությամբ իրավիճակը կայուն է: "Բայց չի կարելի ասել, որ խնդիր չկա։ Ոչ, նրանք չեն մտել Հայաստանի ինքնիշխան տարածք, ոչ մի առաջխաղացման չեն հասել", - ընդգծել է նա, եւս մեկ անգամ հավաստիացնելով, որ Հայաստանի ՊՆ-ում համապատասխան անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն, եթե նման բան տեղի ունենա, և հայ հասարակությանն այդ մասին կտեղեկացվի։ Դրա հետ մեկտեղ, Սարգսյանը նշել է, որ այսօր հայկական կողմն ունի հումանիտար խնդիր Արցախի մի քանի գյուղերում՝ կապված գազատարի հետ։ "Ադրբեջանական կողմի հայտարարությունները խուճապի, վախի ընդհանուր մթնոլորտի ստեղծմանը եւ հայերի տեղահանության գործընթացի նախաձեռնմանն ուղղված քայլերն են։ Միջոցներ են ձեռնարկվում լարված իրավիճակը պահպանելու համար։ Կարող եմ ասել, որ այսօր առավոտվա դրությամբ, երբ ես եկա խորհրդարան, իրավիճակը կայուն էր։ Մեր ստորաբաժանումները զգոն են ու աչալուրջ հետևում են իրադրությանը և, անհրաժեշտության դեպքում, կանխարգելիչ միջոցներ կձեռնարկեն", - հավաստիացրել է փոխնախարարը: Միևնույն ժամանակ, նա չի բացառել հակառակորդի կողմից տարատեսակ սադրանքները, հատկապես՝ միջազգային կոնյունկտուրայից ելնելով։ "Ես չեմ կարող բացառել որևէ սադրանք, որևէ մեկը չի կարող դա բացառել։ Աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ կապված՝ հնարավոր են հակառակորդի կողմից սադրանքներ և քայլեր, բայց կարող եմ հստակ ասել, որ մենք որևէ ագրեսիվ քայլ չենք ձեռնարկում։ Իհարկե, երբ բախումներ են տեղի ունենում, նրանք նույնպես զոհեր ունեն, երբեք չի եղել դեպք, որ մենք չպատասխանենք նրանց ագրեսիային։ Ես ասում եմ, որ մենք լարվածության սրմանն ուղղված ոչ մի քայլ չենք ձեռնարկում, բայց մեր դեմ ագրեսիայի դեպքում Հայաստանը ձեռնարկում է անհրաժեշտ պաշտպանական քայլեր", - վստահեցրել է Սարգսյանը։ Նշենք, որ այսօր հայկական ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ հակառակորդը կրկին խորացել է ՀՀ ինքնիշխան տարածքում: Հայկական ռեսուրսները, վկայակոչելով Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի վարչակազմի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանին եւ գյուղի բնակիչներին, հաղորդել են, որ գյուղի մոտ մարտի 3-5-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը մոտ մեկ կիլոմետր առաջ են շարժվել եւ վրաններ տեղադրել: Նշվում էր, որ ադրբեջանական կողմի դիրքերից դիտարկվում են գյուղական գերեզմանները, ինչպես նաև խմելու ջրի աղբյուրները, Ներքին Հանդի արոտավայրերը գտնվում են այդ հատվածում, բնակիչները վախենում են այնտեղ զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով: Նշվում էր նաև, որ ՀՀ ՊՆ-ում ծանոթ են իրավիճակին և այդ հատվածում պահակակետ են տեղադրել: ՊՆ-ում այդ հաղորդագրությունը ապատեղեկատվություն են որակել, հավաստիացնելով, որ դա ադրբեջանական կողմի դիրքն է։