Արմինֆո. Այսօրվանից հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը: Այդ մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
«Մարտի 15-ից ուժի մեջ է մտնում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ը) ենթակետով նախատեսված դրույթը: Օրենքով սահմանված սահմանափակման արգելքը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում. պաշտոնատար անձի նկատմամբ՝ 150 000 – 200 000 ՀՀ դրամ, ֆիզիկական անձի նկատմամբ՝ 50 000 ՀՀ դրամ: Սույն դրույթի վերահսկողությունն իրականացվում է ՀՀ Ոստիկանության կողմից», - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ծխախոտի եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցված վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին օրենքի մի շարք կարեւոր դրույթներ: Այդ դրույթների համաձայն, արգելվում է ծխախոտի հրապարակային ցուցադրումը, գովազդը խանութներում (գովազդային վահանակներով կամ այլ կերպ), հանրային սննդի կետերում, ինչպես նաեւ ցուցափեղկերում՝ բաց տեսքով: Նաեւ առեւտրի համար նախատեսված վայրերում արգելվում է վերոհիշյալ բոլոր ապրանքների տարաների տեղադրումը ՝ դատարկ տուփեր, բլոկներ, ապրանքային նշանով գունավոր պաստառներ, ապրանքային նշաններ կամ խորհրդանիշներ։ Ծխախոտի ցուցափեղկերը պետք է փակվեն վարագույրով, իսկ վաճառողը կարող է այնտեղից ծխախոտ հանել միայն հաճախորդի պահանջով։
Ավելի վաղ Հայաստանում ծխելն արգելվել էր հասարակական տրանսպորտում, բժշկական եւ կրթական հաստատությունների, երիտասարդական մարզական կազմակերպությունների, ինչպես նաեւ խաղահրապարակների, մշակութային օբյեկտների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների շենքերում:
2024 թվականի մայիսից ծխելու արգելքը կգործի նաեւ կիսափակ տարածքներում, ինչը, անկասկած, կհարվածի բացօթյա սրճարանների եւ ռեստորանների հաճախելիությանը:
Մարտի 9-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի ներկայացրած ուսումնասիրությունների համաձայն, ծխելու պատճառով ամեն տարի Հայաստանը կորցնում է ՀՆԱ-ի 4.2 տոկոսը, ինչը յուրաքանչյուր մարդու հաշվով կազմում է 92 հազար դրամ: Ինչպես նշել է առողջապահության նախկին նախարարը, ծխախոտային արտադրանքից հարկերը երբեք չեն գերազանցել նրանց հասցրած վնասը:
Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանի 18-69 տարեկան բնակիչների ավելի քան 28%-ն օգտագործում է ծխախոտի արտադրանք ՝ ծխախոտ, դրանց փոխարինիչներ, սիգարներ, նարգիլեներ և այլն։ Հայաստանում տարեկան շուրջ 5500 մարդ է մահանում ծխելու պատճառով: