Արմինֆո. Ուկրաինայում եւ Ուկրաինայի շուրջ ընթացող իրադարձություններն ամենեւին չեն բացառում, նույնիսկ, ամենաանկանխատեսելի աշխարհաքաղաքական սցենարների իրականացման հնարավորությունը։ Ինչի արդյունքում Ռուսաստանը կարող է ինքնուրույն հեռանալ Հարավային Կովկասից։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Ազատ քաղաքացի" հասարակական կազմակերպության ղեկավար, վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը։
"Նման հեռանկարի առկայությունն իսկ Հայաստանին ուրիշ այլընտրանք չի թողնում, քան սեփական անվտանգության ապահովման հարցերի շուրջ Արեւմուտքի հետ անհապաղ բանակցություններ սկսելը։ Մասնավորապես, առաջին հերթին, Ֆրանսիայի եւ հետո արդեն ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի հետ։ Կարծում եմ, որ բոլորն են հասկանում, թե մեզ համար որքան կարևոր է, որ տարածաշրջանից ՌԴ-ի դուրս գալու դեպքում անվտանգության ապահովման ոլորտում վակուումը լցվի հենց Արևմուտքի կողմից։ Եվ, հաստատ, ոչ Թուրքիայի կողմից՝ իր ադրբեջանական սատելիտի հետ միասին", - նշել է նա։
Մեկնաբանելով Ուկրաինայում մարտական գործողությունների՝ ՌԴ-ի համար հաջող ավարտի դեպքում Հայաստանի համար հնարավոր հետեւանքները՝ վերլուծաբանը նշել է, որ այդ դեպքում Մոսկվան ժամանակի ընթացքում ձեռնամուխ կլինի ՌԴ-Բելառուս միութենական պետության ընդլայնման ծրագրի իրականացմանը՝ Հայաստանի, Վրաստանի եւ Մոլդովայի հաշվին: Ընդ որում, միութենական պետությանը միանալու Երևանի "հայտը" կստացվի Ադրբեջանին Հայաստանի դեմ հրահրելու միջոցով։
Անդրադառնալով Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից կիրառվող տնտեսական պատժամիջոցների բացասական ազդեցությանը՝ վերլուծաբանն ընդգծել է, որ նման հեռանկարից խուսափել Հայաստանին չի հաջողվի։ Առաջին հերթին, հաշվի առնելով ՌԴ տնտեսությունում Հայաստանի տնտեսության ինտեգրվածության բարձր աստիճանը, համապատասխանաբար, Մոսկվայից Երեւանի տնտեսական եւ ֆինանսական կախվածությունը: Այս լույսի ներքո՝ Խուրշուդյանն առանձնացրել է Ռուսաստանից Հայաստան փոխանցումների հոսքի անխուսափելի անկումը՝ պայմանավորված ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկմամբ։ Ինչպես նաև ռուսաստանցիների գնողունակության անկումը, ինչը բացասաբար կանդրադառնա ՌԴ հայկական արտահանման վրա։ "Բայց, ինչպես տեսնում ենք, կան նաև դրական միտումներ և հնարավորություններ։ Եվ ես, նույնիսկ, հույս ունեմ, որ վերջին օրերին մեր երկիր ռուսների նկատելի հոսքը որոշակի չափով թույլ կտա մեղմել հակառուսական պատժամիջոցների բացասական ազդեցությունը Հայաստանի վրա։ Մասնավորապես՝ խթանելով տնտեսական ակտիվությունը Հայաստանում։ Անհրաժեշտ է նաեւ հնարավորինս զգուշություն ցուցաբերել Հայաստանի տարածքով այս կամ այն պատժամիջոցային ապրանքների տարանցման հարցում։ Մենք պետք է հասկանանք, որ դա Հայաստանի համար ինչպես հնարավորություններ, այնպես էլ սպառնալիքներ է պարունակում", - ամփոփել է վերլուծաբանը։