


Արմինֆո.ԱԺ "Պատիվ ունեմ" ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, Արցախի նախագահի պաշտպանության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը բարձր չի համարում Ադրբեջանի մասշտաբային գործողությունների հավանականությունը, հատկապես, Արցախի ուղղությամբ: Նա այդպիսի կարծիք է հայտնել «Ֆեյսբուքի» իր էջում:
«Շփման գծի ադրբեջանական կողմում տեղի ունեցող շարժերի վերաբերյալ միմյանց հակասող տեղեկություններ են շրջանառվում։ Որքան ինձ է հայտնի, կան որոշ ուղղություններով փոքր, սակայն խիստ սահմանափակ տեղաշարժեր ու դա ինձ հիմք չի տալիս եզրահանգումներ անել, որ Ադրբեջանը լայնամասշտաբ գործողությունների նախապատրաստություն կամ վերախմբավորումներ է անում։
Այս պահին ես մասշտաբային գործողությունների հավանականությունը հատկապես Արցախի ուղղությամբ բարձր չեմ համարում, ինչը բնականաբար չի նշանակում, որ լոկալ գործողություններ կամ տարբեր բնույթի սադրանքներ Արցախի կամ Հայաստանի սահմանին հավանական չեն։ Ավելին, իրադարձությունները կարող են արագանալ և կարճ ժամանակ հետո նոր սցենարներ ուրվագծել, բայց այս պահին միանշանակ գնահատականներ հնչեցնելու հիմքեր չունեմ։ Հայաստանի պետական մարմինները կարծում են, թե իրենց միակ գործառույթը փաշինյանական անձնական օրակարգի սպասարկումն է և դրանով պայմանավորված ձախողում են նաև տեղեկատվական անվտանգության ապահովման իրենց պարտականությունները։
Հուսով եմ, որ գոնե Արցախի պաշտպանության բանակը կարձագանքի դեռ երեկվանից շրջանառվող և Արցախի մեր հայրենակիցներին անհանգստացնող լուրերին», - գրել է պատգամավորը։
Նշենք, որ սոցիալական ցանցերի ադրբեջանական հատվածում նախօրեին տարածվել են դեպի Հայաստանի և Արցախի սահման ռազմական տեխնիկայի տեղաշարժի կադրեր։ Ավելին, արդեն մի քանի օր Ադրբեջանի զինուժն ահաբեկում են Արցախի բնակչությանը, սպառնալով ուժ կիրառել, եթե նրանք չլքեն ԼՂՀ տարածքը։ Հիշեցնենք նաեւ, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ Արցախի բնակչությունը զրկվել է գազից՝ հակառակորդի ապակառուցողական գործողությունների պատճառով։ Ենթադրություն կա, որ Ադրբեջանի զինված ուժերը կանխամտածված պայթեցրել են գազատարը, որով Հայաստանից գազ է մատակարարվում Արցախ, եւ այժմ խոչընդոտում են դրա վերանորոգմանը։



