
Արմինֆո. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում Հայաստանի պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ուրախ է հանդիպել և կարծիքներ փոխանակել իրենց օրակարգի բոլոր հարցերի շուրջ՝ ապրիլի սկզբին ՀՀ վարչապետի ՌԴ կատարելիք այցի նախապատրաստման շրջանակներում:
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Լավրովը վստահություն է հայտնել, որ այդ այցը կնպաստի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա առաջխաղացմանը:
Ինչպես հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձել են հայ-ռուսական համագործակցության հարուստ օրակարգին, քննարկել դաշնակցային հարաբերությունների առավել ամրապնդմանը վերաբերող հարցեր։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակի, բարձր և բարձրագույն մակարդակներում շփումների ակտիվության կապակցությամբ։
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից մտքեր են փոխանակել ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և միջազգային այլ հարթակներում փոխգործակցության սերտացման և արդյունավետության բարձրացման շուրջ:
Անդրադարձ է կատարվել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ հայատարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:
Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման խաղաղ բանակցությունների լիարժեք վերսկսումը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր գործընկերոջն է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների և սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը՝ կարևորելով լարվածության թուլացման և միջադեպերի կանխման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին