
Նախագահ Սերժ
Սարգսյանը` ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նամակի, որտեղ Թուրքիայի
նախագահը Հայաստանի Հանրապետության Նախագահին հրավիրել է ս.թ. ապրիլի 24-ին ներկա
լինելու Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի
միջոցառումներին, պատասխան նամակ է հղել: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի
ծառայությունը, նամակում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Նախագահ, Ստացա
Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին մասնակցելու՝ ինձ
ուղղված Ձեր հրավերը: Հիրավի, Առաջին աշխարհամարտը մարդկության պատմության
ամենազարհուրելի էջերից է, որ միլիոնավոր անմեղ մարդկային կորուստների և
ճակատագրերի խեղման պատճառ դարձավ:
Գալիպոլիի ճակատամարտի մասնակից էր նաև Օսմանյան
կայսրության զորքերի հայազգի հրետանավոր, կապիտան Սարգիս Թորոսյանը. սպա, որ նվիրվել
էր կայսրության պաշտպանության ու անվտանգության ապահովմանը և հավատարիմ
ծառայության ու սխրանքների համար Օսմանյան կայսրության կողմից արժանացել էր
ռազմական պարգևների: Մինչդեռ, նույն թվականին իր գագաթնակետին հասած՝ Օսմանյան
կայսրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ նախապես ծրագրված և իրականացված
զանգվածային ջարդերի ու բռնի տեղահանման ալիքը չշրջանցեց անգամ Սարգիս Թորոսյանին:
Ցեղասպանությանը զոհ գնացած մեկուկես միլիոն հայերի թվում էին նրա ծնողները, ովքեր
դաժանաբար սպանվեցին, իսկ քույրը մահացավ Սիրիայի անապատում:
Հենց նախադեպը չունեցող այդ կոտորածի արդյունքում էր, որ
Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «ցեղասպանություն» եզրույթը, և դրա անպատժելիությունն էր,
որ հող նախապատրաստեց Հոլոքոստի և Ռուանդայում, Կամբոջայում ու Դարֆուրում
ցեղասպանությունների համար:
Ըստ Ձեզ՝ Գալիպոլիի մարտերը ոչ միայն Թուրքիայի, այլև
ողջ աշխարհի համար պատերազմից ծնունդ առած բարեկամական հարաբերությունների
առանձնահատուկ օրինակ են, իսկ ճակատամարտի դաշտը՝ պատերազմի դառը ժառանգության
մասին հիշեցնող խաղաղության և բարեկամության հուշարձան:
Մի կողմ թողնելով բոլորին քաջ հայտնի Գալիպոլիի
ճակատամարտի նշանակությունը կամ Թուրքիայի վիճահարույց դերակատարությունը Առաջին և
Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում՝ անհրաժեշտ է հիշել, որ
խաղաղությունը և բարեկամությունն առաջին հերթին պետք է հիմնված լինեն սեփական անցյալի
հետ առերեսման խիզախության, պատմական արդարության, ինչպես նաև համամարդկային
հիշողության՝ ոչ թե ընտրովի, այլ ամբողջական ճանաչման վրա:
Ավա՜ղ, Թուրքիան շարունակում է ժխտողականության իր
ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման
իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է
ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և
շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման
օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին: Ի՞նչ նպատակ է սա
հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության
100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև
հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն
ուներ սեփական ժողովրդի և ողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության
ճանաչումն ու դատապարտումը:
Ուստի, խորհուրդ կտայի համաշխարհային խաղաղությանն
ուղղված Ձեր կոչերում չմոռանալ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղերձ հղել
աշխարհին՝ ոգեկոչելով մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Յուրաքանչյուրիս
պարտքն է գալիք սերունդներին փոխանցել խեղաթյուրումից զերծ իրական պատմությունը՝
այդ կերպ կանխելով ոճրագործությունների կրկնությունն ու հող նախապատրաստելով
ազգերի, հատկապես հարևան ազգերի միջև մերձեցման և հետագա համագործակցության համար:
Հ.Գ. Ձերդ Գերազանցություն, դեռևս մի քանի ամիս առաջ
հրավիրել եմ Ձեզ Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց
ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը: Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել
հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»,-ասված է նախագահի
պատասխանում: