Արմինֆո.Այսօր, ժամը 10:35-ին իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցից՝ մեջքի շրջանում բեկորային վիրավորում ստացած Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Արակդիի Բաղդասարյանը տեղափոխվել է ԱՀ առողջապահության նախարարության Ասկերանի շրջանային բուժմիավորում:
«Վիրավորի մոտ կատարվել է վերքի առաջնային մշակում, այնուհետև հետագա հետազոտության նպատակով տեղափոխել են Հանրապետական բժշկական կենտրոն:
Վիրավորվածի մոտ առկա է գոտկային շրջանի կույր բեկորային վիրավորում: Բժիշկները վիրավորի վիճակը գնահատում են բավարար», - ասվում է ԱՀ առողջապահության նախարարության հաղորդագրությունում:
Արցախի ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդել են, որ Խրամորթ գյուղի բնակիչ Սուրեն Բաղդասարյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից ականանետի արձակված կրակոցից՝ մեջքի շրջանում վիրավորում է ստացել: «Ականը պայթել է տան բակում: Վերջինս շտապ տեղափոխվել է բուժհաստատություն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում», - ասվում է ԱՀ ՆԳՆ Ոստիկանության հաղորդագրությունում:
Հավելենք, որ հակառակորդն արդեն մի քանի օր նշանառության տակ է պահում այդ գյուղի բնակիչներին և պահանջում է լքել Խրամորթը։ Այսօր ողջ գիշեր ադրբեջանական զինուժը 60 միլիմետրանոց ականանետերից գնդակոծել է գյուղը։ Հարկ է նաև նշել, որ հակառակորդի սադրանքի արդյունքում Արցախնի արդեն երեք օր զրկված է գազից, կան նաև էլեկտրամատակարարման խափանումներ։