Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա արտացոլում եւ հերթական անգամ արդիականացնում է Հայաստանի կողմից սեփական անվտանգության ապահովման այլընտրանքների որոնման անհրաժեշտությունը:ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հարցը, երկկողմ օրակարգի այլ արդիական թեմաներ: Երկու երկրների ղեկավարները մասնակցել են նաև "Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա" համաժողովին:
"Վարչապետի այցը Ֆրանսիա եւ անվտանգության այլընտրանքային աղբյուրների որոնումը լրացուցիչ արդիականություն է ստացել Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային հարաբերությունների մասին Մոսկվայում վերջերս ստորագրված հռչակագրի լույսի ներքո։ Տրամաբանությունը այստեղ պարզ է ։ Հայաստանի եւ Արցախի նկատմամբ հերթական ադրբեջանական ագրեսիայի դեպքում Մոսկվայում արդեն միանգամայն պաշտոնապես կարող են վկայակոչել այդ փաստաթուղթը՝ դաշնակցային հարաբերություններն արդեն Բաքվի հետ, եւ առաջարկել սեփական խնդիրները լուծել Ադրբեջանի հետ ինքնուրույն", - նշել է նա։
Ըստ Գրիգորյանի, Մոսկովյան հռչակագիրը խաչ է քաշել հերթական ադրբեջանական հարձակման դեպքում Հայաստանին ՌԴ ռազմական աջակցության, նույնիսկ, տեսական հնարավորության վրա: Սցենարը, որի իրագործման շանսերը, նրա կարծիքով, ամենեւին զրոյական չեն։ Սակայն, հաշվի առնելով ներկայիս ոչ ամենաօպտիմալ վիճակը, Հայաստանն, ըստ քաղաքագետի, ի վիճակի չէ կազմակերպել սեփական արդյունավետ պաշտպանությունն ադրբեջանական ագրեսիայից՝ ամրապնդված թուրքական գործուն մասնակցությամբ:
"Կարծում եմ, որ այդ փաստն անհրաժեշտ է գիտակցել, ընդունել եւ դադարեցնել ինքնախաբեությամբ զբաղվելը։ Վերջինս Հայաստանի համար անվտանգության ապահովման ոլորտում այլընտրանքների որոնումը, կներեք տավտոլոգիայի համար, դարձնում է անայլընտրանք։ Եվ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հերթական պատերազմը միայնակ Հայաստանի համար բոլորովին նման այլընտրանք չի հանդիսանում ։ Նման այլընտրանք կարող է դառնալ անվտանգության ոլորտում պայմանագրի ստորագրումը Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ։ Նման փաստաթուղթն ինքնըստինքյան Բաքվի և Անկարայի զսպման մեխանիզմի դեր կխաղա՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի դեմ ագրեսիայի մղումներից։