Արմինֆո.Մարտի 10-ին կառավարության նիստում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախքան օրակարգային հարցերի քննարկումը, անդրադարձել է «Varieties of Democracy» ինստիտուտի հրապարակած 2022 թվականի ժողովրդավարության զեկույցին:
Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետն ընդգծել է, որ շատ կարևոր արձանագրում է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության համար, որովհետև մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը բնորոշվում է ոչ թե «ընտրական ավտորիտարիզմ» տերմինով, այլ՝ «ընտրական ժողովրդավարություն»:
«Սա, ըստ էության, նշանակում է, որ ժողովրդավարության առումով Հայաստանի Հանրապետության դասակարգում է տեղի ունեցել: Այսինքն՝ նույնիսկ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո, այս կազմակերպությունը շարունակում էր Հայաստանը դիտարկել որպես ընտրական ավտորիտար համակարգ ունեցող երկիր: Դրա իմաստը հետևյալն էր, որ կա ավտորիտար համակարգ, որն ընտրական պրոցեսը, ըստ էության, օգտագործում է սեփական վերարտադրությունը կազմակերպելու համար: Ինչո՞ւմ է այս նոր բնորոշման էությունը: Այս նոր բնորոշման էությունը հետևյալն է, որ իշխանությունները ձևավորվում են ընտրություններով, այսինքն՝ ընտրությունը ոչ թե իշխանության վերարտադրության գործիք է, այլ ընտրությունը իշխանության ձևավորման գործիք է: Եթե շատ պարզ ձևակերպենք՝ կարող ենք արձանագրել, որ նաև ամենաթարմ օրինակը՝ 2021 թվականին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններով Հայաստանի Հանրապետությունը մուտք է գործել ժողովրդավարական երկրների, պայմանական ասած, բարձրագույն լիգա, եթե ժողովրդավարությունները դասակարգենք, կարող ենք այսպես ասել: Շատ կարևոր է, որ այս կազմակերպությունը նաև ընդհանուր դասակարգումն է տալիս՝ հաշվի առնելով երկրի ներսում ժողովրդավարական տարբեր ինստիտուտների գործունեության արդյունքները:
Իհարկե, սա չի նշանակում, որ մեր երկրում ժողովրդավարությունը կատարյալ է կամ անթերի, պարզապես տարբեր դրվագների հանրագումարով մենք ստացել ենք այսպիսի դասակարգում, ինչը, կարծում եմ, հիշատակության արժանի է: Եվ պետք է ևս մեկ անգամ ընդգծենք, որ ժողովրդավարությունը մեզ համար առաջնահերթություն է: Եվ մեր կառավարությունը հանձնառու է Հայաստանի Հանրապետությունում կայացնել և զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները:
Ես նախ ուզում եմ մեզ շնորհավորել այս դասակարգման փոփոխության առիթով և ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել երկու հանգամանքի վրա. մենք այդ բարձրագույն լիգայում պիտի ամեն տարի փորձենք ավելի բարձր տեղեր զբաղեցնել և երկրորդ՝ պիտի կարողանանք այդ ցուցանիշները կապիտալիզացնել Հայաստանի Հանրապետության օրակարգի հարցերի սպասարկման համար՝ սկսած տնտեսությունից, վերջացրած անվտանգություն: Մենք նաև այս ընթացքում տեսել ենք օրինակներ, երբ երկրում պոտենցիալ ներդրողները, ամենատարբեր գործընկերության հարցերի օրակարգ ունեցող շրջանակները շատ մեծ ուշադրություն են դարձնում այսպիսի զեկույցներին: Այսինքն՝ նրանք ամեն անգամ իրենց առանձին հետազոտությունները չեն անում երկրի մասին, և եթե մի երկրում գործունեություն ծավալելու և չծավալելու հետ կապված պիտի որոշում կայացնեն, ահա, առաջին հերթին, ծանոթանում են այսպիսի զեկույցներին, և այդ զեկույցների բովանդակությամբ են անում իրենց հետևությունները»,- ասել է վարչապետ Փաշինյանը: