Արմինֆո. Այսօր կառավարության նիստում, նախքան օրակարգային հարցերի քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունից Արցախ գնացող հիմնական գազատարի վնասման հարցին:
«Վերջին օրերին հատկապես Արցախում իրադրության որոշակի լարում ունենք, ինչն ընդգծվում է Արցախին բնական գազ մատակարարող խողովակաշարի խափանմամբ: Այս պահին ես որևէ հավելյալ գնահատական տալուց զերծ կմնամ, քանի որ Արցախի իշխանությունների և մեր միջազգային գործընկերների հետ աշխատում ենք իրադրությունը կայունացնելու և կարգավորելու ուղղությամբ: Այսինքն՝ այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այդպիսի իրավիճակ, փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ»,- ասել է կառավարության ղեկավարը:
Հիշեցնենք, որ մարտի 8-ի գիշերը Շուշիի մոտակայքում գազատարի վթարի պատճառով Հայաստանից Արցախ գազամատակարարումը ամբողջությամբ դադարեցվել է: Ադրբեջանական կողմը խոչընդոտում է վթարի վայրում "Արցախգազ" ՓԲԸ մասնագետների կողմից վերանորոգման աշխատանքների իրականացմանը: Մինչ օրս հայկական կողմը չի կարողանում հասնել վերանորոգման աշխատանքների իրականացման թույլտվության։ Այսպիսով, արդեն երրորդ օրն է, ինչ Արցախի բնակչությունը մնում է առանց գազի։ Կան նաև կասկածներ, որ Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր կերպով շարքից հանել են գազամուղը։ Բացի այդ, մարտի 9-ի օրվա ընթացքում, ապա ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և ականանետերից պարբերաբար խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը: