
Արմինֆո.Մեծ ափսոսանքով ստիպված ենք արձանագրել, որ Ուկրաինայում և Ուկրաինայի շուրջ առկա իրավիճակը հերթական անգամ արդիականացրել է միջուկային պատերազմի սպառնալիքը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Հանրապետություն" կուսակցության նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։
"Մենք տեսնում ենք, որ ՌԴ-ը փորձում է այլ երկրներին ստիպել աշխարհաքաղաքական խաղ վարել սեփական կանոններով՝ հակառակ դեպքում սպառնալով ընդհուպ միջուկային զենքի կիրառմամբ։ Եվ անկախ Մոսկվայում դրա կիրառման մտադրությունների առկայությունից կամ բացակայությունից՝ իրականում, ռուսական սպառազինության կոնվենցիոնալ տեսակների անճշտությունը կարող է ստեղծել մի իրավիճակ, երբ սխալմամբ այս կամ այն եվրոպական երկրի տարածք թռած հրթիռը կարող է պատերազմ հրահրել՝ արդեն ՆԱՏՕ-ի մասնակցությամբ։ Իսկ նման պատերազմն արդեն կարող է վերաճել նաև միջուկային պատերազմի", - նշել է նա։
Որպես միջուկային սպառնալիքի եւս մեկ աղբյուր՝ Սարգսյանն առանձնացրել է Ուկրաինայի ատոմակայանների շուրջ ստեղծված իրավիճակը։ Նրա գնահատմամբ՝ Ուկրաինական ԱԷԿ-ների անվտանգ գործունեությունը բնավ կախված չէ միայն ռուս կամ ուկրաինացի զինվորականների կողմից դրանց վերահսկողությունից։ Այդ առնչությամբ Սարգսյանը նշել է, որ պատահաբար հակամարտող կողմերից մեկի արձակած արկի՝ ատոմակայաններից մեկի ռեակտորի վրա ընկնելը կարող է ընդունել գլոբալ աղետի մասշտաբներ:
Ուկրաինայի իրավիճակը, ըստ քաղաքական գործչի, Հայաստանի համար ստեղծում է ինչպես անվտանգության լրացուցիչ սպառնալիքներ, այնպես էլ՝ նոր հնարավորություններ։ Երևանի ամենաճիշտ քաղաքական գիծը՝ նման ֆոնին, նա համարում է չեզոքությունը։ Այդ կապակցությամբ Սարգսյանը Հայաստանի ղեկավարության ընթացիկ գիծը բնութագրում է որպես նորմալ եւ ճիշտ։ Ընդ որում, նա անհրաժեշտ է համարում Երևանի հետագա արտաքին քաղաքական գիծը որոշելիս հաշվի առնել, որ անկախ Ուկրաինայում պատերազմի արդյունքից, միջուկային զենքի կիրառումից կամ չկիրառումից, աշխարհն այլևս նախկինը չի լինի։
"Ուկրաինայում պատերազմի կարևոր հետևանքը մեզ համար աշխարհի զարգացած երկրների համախմբումն էր՝ այլ պետության տարածք ներխուժելու և ռազմական ուժի միջոցով նրա տարածքները բռնակցելու անհնարինության գաղափարի շուրջ։ Այս մասին է վկայում Ուկրաինայի շուրջ միջազգային կոալիցիայի քաղաքականությունը, ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները։ Եվ, իմ կարծիքով, դա սկզբունքորեն նոր հիմք է դնում միջազգային հարաբերություններում. ցանկացած երկիր, որը խախտել է այլ երկրի ինքնիշխանությունը, կբախվի այդ համախմբված մոտեցմանը։ Համապատասխանաբար, դա համանման հետեւանքներ կունենա նաեւ Հայաստանի պոտենցիալ եւ միանգամայն իրական ոչ բարեկամական պետությունների համար", - կանխատեսում է Սարգսյանը։