


Արմինֆո. Մարտի 10-ին Անթալիայում տեղի կունենա Թուրքիայի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում: Այս մասին մարտի 7-ին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նա պարզաբանել է, որ հանդիպումը տեղի կունենա Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում, որին մասնակցելու համաձայնություն են տվել եւ Սերգեյ Լավրովը, եւ Դմիտրի Կուլեբան:
"Լավրովն ու Կուլեբան կժամանեն Անթալիա։ Հանդիպումը կկայանա իմ մասնակցությամբ։ Մենք մեծ ջանքեր ենք գործադրել այն կազմակերպելու համար", - ասել է թուրք նախարարը, հաղորդուում է «Անադոլուն»։
Չավուշօղլուն հույս է հայտնել, որ առաջիկա հանդիպումը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը: "Բացարձակ գերակայությունը ռազմական գործողությունների դադարեցումն է", - ընդգծել Է Չավուշօղլուն:
Թուրքիայի ԱԳ նախարարը նաեւ հաղորդել է, որ մարտական գործողություններն սկսվելուց ի վեր Ուկրաինայից տարհանվել է ավելի քան 12 հազար Թուրքիայի քաղաքացի:



