
Հայաստանի իշխանությունների անգործությունը նպաստեց
Գյումրիի սպանության հետ կապված իրավիճակի վատթարացմանը: Այսօր Երևանում կայացած
մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թևան
Պողոսյանը:
Պատգամավորը համոզված է, որ եթե երկրի իշխանությունները
սուգ հայտարարեին, ապա դա բավականին կմեղմեր ստեղծված իրավիճակը: «Հայաստանի իշխանություններն
անհասկանալի պատճառներով դա չարեցին: Չնայած, որ դա կարող էր մեղմել իրավիճակը,
քաղաքական հստակ մեսիջ հանդիսանալով սեփական քաղաքացիների նկատմամբ
իշխանությունների վերաբերմունքի առումով»,-նշել է պատգամավորը, օրինակ բերելով
Փարիզում ստեղծված իրավիճակը, երբ այդ երկրի իշխանությունները ահաբեկչությունից
հետո հայտարարեցին ետօրյա սուգ:
«Ներկա պահին երկրում իրավիճակը մեղմելու համար
իշխանությունները, մասնավորապես, իրավապահ մարմինները պետք է գործադրեն
առավելագույն ջանքեր: Անհրաժեշտ է ապահովել հետաքննության առավելագույն
թափանցիկություն: Իրավապահ մարմինները պարտավոր են ամեն օր, տվյալ քրեական գործի
շրջանակներում, հրապարակել հետաքննության գործողությունների մասին
տեղեկություններ, որպեսզի բարձրացնեն վստահության մակարդակը»,-համոզված է
խորհրդարանականը:
Նրա խոսքով, Ավետիսյաների ընտանիքի գազանային
սպանությունը Գյոմրիում արդեն ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական հարց է:
«Միջադեպն
այլևս դադարել է դիտարկվել որպես բացառապես իրավական և վերաճել է միջպետական
հարաբերությունների պրոբլեմի, քանի որ խախտվել են հայ-ռուսական միջպետական
պայմանագրի դրույթները: Ներկայումս հիմնական շեշտը դրվում է այն բանի վրա, թե այդ
պայմանագրի դրույթներով որ գործերն են գտնվում Հայաստանի և որոնք` ՌԴ
իրավասությունների շրջանակներում, բայց ուշադրությունից դուրս է մնացել մի կարևոր
փաստ –ըստ այդ պայմանագրի դրույթների, սահմանը հատելու կան հատելու անօրինական
փորձ անելու դեպքում ռուսական սահմանապահները պարտավոր են խախտողին հանձնել հայ
իրավապահ մարմիններին: Ավելին, նման դեպքերում Երևանում պետք է ստեղծվի համատեղ
հանձնաժողով` իրավական ասպեկտները քննարկելու և ընդանուր որոշում կայացնելու
նպատակով, ինչը նույնպես չի արվել»,-եզրափակել է պատգամավորը: -