Արմինֆո.Հայաստանի ղեկավարությունը Բուլղարիային շնորհավորել է երկրի ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առթիվ։
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդման համաձայն, հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևին ազգային տոնի` Ազատագրման օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հայաստանը կարևորում է Բուլղարիայի հետ փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունների հետևողական ընդլայնումը: Ընթացիկ տարին նշանավորվում է Հայաստանի և Բուլղարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակով:
Բարձր եմ գնահատում հայ-բուլղարական միջպետական կապերի զարգացման և խորացման ուղղությամբ Ձեր գործադրած ջանքերը։ Երկու երկրների փոխգործակցությանը մեծապես նպաստում են նաև Բուլղարիայում բնակվող մեր հայրենակիցները, որոնք իրենց ուրույն ներդրումն ունեն մեր ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք երկկողմ և բազմակողմ համագործակցության հետագա զարգացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»:
Ինչպես հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Կիրիլ Պետկովին՝ երկրի ազգային տոնի առթիվ: «Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բուլղարիայի բարեկամ ժողովրդին Բուլղարիայի Հանրապետության ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ ցանկանում եմ արձանագրել, որ մեր երկրների միջև փոխվստահության և պատմական ավանդույթների վրա հիմնված հարաբերությունները, որոնց հաստատման 30-ամյակը նշում ենք ընթացիկ տարում, անշեղորեն զարգանում են: Համոզված եմ, որ կշարունակենք ջանքեր ներդնել՝ ամրապնդելու մեր համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ ի շահ հայ և բուլղար ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց», - նշված է ՀՀ վարչապետի ուղերձում: