Արմինֆո. Երեւանը դեռեւս որոշում չի կայացրել մարտի 11-13-ը Անթալիայում դիվանագիտական համաժողովին մասնակցելու վերաբերյալ: Այդ մասին մարտի 2-ին հաղորդել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում:
"Հուսով եմ՝ կհամաձայնեք, որ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները շատ սրընթաց են զարգանում, աշխարհը փոխվում է ամեն վայրկյան։ Երբ ժամկետները մոտենան, մենք որոշում կկայացնենք", - ասել է նա։
Միրզոյանը դրական է գնահատել Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի երկրորդ հանդիպման արդյունքները, որը տեղի է ունեցել փետրվարի 24-ին Վիեննայում։ Նախարարի խոսքով՝ կողմերը հաստատել են, որ բանակցային գործընթացն ընթանում է առանց նախապայմանների, և վերջնական նպատակը հարաբերությունների կարգավորումն է ու սահմանի բացումը: "Քննարկումը եղել է շատ ավելի կոնկրետ, քան առաջին հանդիպման ժամանակ։ Բայց, միեւնույն ժամանակ, մենք բոլորս հասկանում ենք, որ դժվար է շոշափելի քայլեր ակնկալել, նույնիսկ, երկրորդ հանդիպման արդյունքում", - նշել է նա։ Հատուկ ներկայացուցիչների նոր հանդիպման ժամկետների եւ վայրի մասին առայժմ որոշում չկա:
Ավելի վաղ, պատասխանելով Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալիք դիվանագիտական համաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր մասնակցության վերաբերյալ հարցին, Միրզոյանը նշել էր, որ վարչապետի մասնակցության հարցը չի քննարկվել եւ չի քննարկվում: "Հրավերն ուղարկվել է ինձ եւ Ռուբեն Ռուբինյանին, որոշում իսկապես չկա, որոշումը մեծապես կախված կլինի նաեւ փետրվարի 24-ին Վիեննայի հանդիպման արդյունքներից", - նշել էր Միրզոյանը: