Արմինֆո. Ազգային ժողովը Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի համար ընտրել է ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանին:
Ջանջուղազյանի թեկնածությունը (նրան առաջադրել է "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը) պաշտպանել են նիստերի դահլիճում ներկա բոլոր 70 պատգամավորները: Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը։
Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնը թափուր էր հունվարի 19-ից՝ Լեւոն Յոլյանի ՝ անձնական դրդապատճառներով պաշտոնից վաղաժամ հեռանալուց հետո:
Ատոմ Ջանջուղազյանը ծնվել է 1971 թվականի մարտի 22-ին Երեւանում: 1992թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1995թ.' Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բարձրագույն դպրոցի մագիստրատուրան: 1993 թվից աշխատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, իսկ 1995 թվից՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում։ 1999 թվականից եղել է ֆինանսների փոխնախարար եւ գլխավոր գանձապետ: 2018 թվականի մայիսից մինչև 2021 թվականի օգոստոսի 3-ը զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը: