Արմինֆո. Ազգային ժողովը մարտի 2-ին ձեռնամուխ է եղել Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության հարցի քննարկմանը:
"Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը 65 պատգամավորներով նախագահի պաշտոնում առաջադրել է Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը, ով ներկայումս զբաղեցնում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը: Խաչատուրյանը միակ թեկնածուն է, քանի որ ընդդիմադիր "Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները որոշում են կայացրել թեկնածու չառաջադրել, որպեսզի որևէ կերպ չմասնակցեն նախագահական ընտրություններին ։
Նախագահի թեկնածուի կենսագրությունը ներկայացրել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Վահագն Խաչատուրյանը ծնվել է 1959 թվականին Սիսիան քաղաքում։ 1976 թվականին ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 118 միջնակարգ դպրոցը, 1976-1980 թվականներին՝ Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ տնտեսագետ որակավորմամբ։ 1980-1982 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1982-1992 թվականներին Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում իրականացրել է գիտա-մանկավարժական գործունեություն, 1982-1990 թվականներին աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ, 1990-1992 թվականներին եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։ 1990-1995 թվականներին եղել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր, 1992 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 1996 թվականի փետրվարի 22 եղել է Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ։
1995-1999 թվականներին ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, եղել է ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ։ 1996-1998 թվականներին եղել է Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական։ 2000 թվականից դարձել է «Արմատ ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի» հիմնադիր անդամ, իսկ 2006 թվականից՝ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։ 2008-2013 թվականներին եղել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության «Մալաթիայի տարածքային կառույցի» ղեկավար, միաժամանակ՝ կուսակցության տնտեսական հանձնախմբի անդամ։ 2019-ից 2021 թվականներին եղել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի խորհրդի անդամ։ 2021 թվականի օգոստոսի 4-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։
Գիտական, մասնագիտական հոդվածների, ազատական տնտեսագիտական, քաղաքական գրքերի թարգմանությունների և հրապարակումների հեղինակ է։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական էր տվել ։ Փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձանագրություն է ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունների ավարտի մասին:
Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից: Ընտրվում է այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն,որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդը: Եթե հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրությունների երրորդ փուլ, որին կարող են մասնակցել Երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում ՀՀ նախագահ է ընտրվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունն ստացած թեկնածուն: Եթե հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա տասնօրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն: Նշենք, որ 71 մանդատ ունի "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը, "Հայաստանը" եւ "Պատիվ ունեմ"-ը ունեն, համապատասխանաբար, 29 եւ 6 մանդատ: