Արմինֆո. ԱրմԻնֆո-ի հարցերին սիրով համաձայնել է պատասխանել մեր հայրենակից, ուկրաինացի քաղաքական մեկնաբան Մարատ Հակոբյանը:
- Ինչպե՞ս եք գնահատում Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին փուլը, և ի՞նչ ակնկալիքներ ունեք առաջիկայում: Արդյո՞ք կողմերին կհաջողվի գոնե համաձայնության հասնել ռազմական գործողությունների դադարեցման շուրջ։
- Ես թերահավատորեն եմ տրամադրված հանդիպումների/բանակցությունների արդյունավետության առնչությամբ։ Ակնհայտ է, որ այս փուլում կողմերի դիրքորոշումները բևեռային են։ Չնայած ռազմական անհաջողությանը՝ Մոսկվան դեռ պատրաստ չէ ընդունել նոր իրողությունը, մինչդեռ, Կիևը գրոհները հետ մղելուց հետո իրեն ավելի վստահ է զգում և պահանջում է զորքերի անվերապահ դուրսբերում Ուկրաինայի տարածքից։ Ամենայն հավանականությամբ, մեզ սպասվում են ՌԴ-ի՝ գոնե ինչ-որ էական բանի հասնելու կրկնակի փորձեր՝ բանակցություններում դիրքերն ամրապնդելու համար, ինչն Ուկրաինային հնարավորություն է տալիս զարգացնել ռազմական առավելությունը։ Հատկապես՝ պատժամիջոցների շոկի ֆոնին, որում այժմ գտնվում է ՌԴ-ը։ Որքան շուտ Կրեմլում գիտակցեն իրավիճակի ծանրությունը ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ միջազգային ասպարեզում, այնքան Կրեմլը դեմքը պահպանելու շանսեր կունենա։ Քանի գնա՝ այնքան ավելի դժվար կլինի Մոսկվային ինչ-որ կերպ բավարարող լուծում գտնել, ինչն էլ ավելի անկանխատեսելի է դարձնում նրան։ Իրավիճակն արագ է զարգանում, հնարավոր է, քանի դեռ նրանք հարմարվում են իրավիճակին այսօր, վաղը կլինի նոր իրողություն՝ Կիեւի համար էլ ավելի շահավետ:
- Ի՞նչ պայմաններում, այսպես կոչված, չեզոք կարգավիճակը կարող է ընդունելի լուծում դառնալ Ուկրաինայում պատերազմի դադարեցման համար:
- ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու գիծն արդեն սահմանադրական է։ Դա հենց արձագանքն է այն բանին, որ չեզոք կարգավիճակն օգտագործվել է Բուդապեշտի հուշագրի երաշխավորներից մեկի՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ՝ Ուկրաինայի մի շարք տարածքների օկուպացման համար։ Հենց այդ պատճառով էլ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար լրացուցիչ քաղաքական միջոցներ են ձեռնարկվել՝ ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղեգծի հռչակագիր, որն ամրագրված է երկրի հիմնական օրենքում: Ուկրաինան նաեւ փոքր դաշինքներ է զարգացնում ՆԱՏՕ-ի երկրների հետ՝ որպես պաշտպանության ամրապնդման լրացուցիչ տարր: Նման դաշինքներ կան Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Լիտվայի եւ Եվրոպայի այլ երկրների հետ։