Արմինֆո. Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը հնարավոր չի համարում Ուկրաինայի՝ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ ռազմական գործողությունների մարտադաշտի վերածման սցենարը:
Մարտի 1-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում անդրադառնալով ԱրմԻնֆո-ի ճշգրտող հարցին, թե արդյոք Ուկրաինայի իշխանությունները մտավախություն չունեն, որ երկիրը կարող է վերածվել Ռուսաստանի և Արևմուտքի միջև մարտադաշտի, հաշվի առնելով արևմտյան երկրների կողմից Կիևին զենքի լուրջ մատակարարումները, Դենիս Ավտոնոմովը, մասնավորապես, ասել է. "Այո, նրանք միլիոնանոց բանակ ունեն, ես զինվորական չեմ: Ես սերժանտ եմ: Բայց բանակում կան տարբեր զորամասեր, և նրանցից ոչ բոլորն են մարտունակ։ Եվս մեկ շաբաթ նման մարտեր՝ ու Ռուսաստանի մարտունակ զորամասերից ոչինչ չի մնա։ Ընդհանրապես, բանակից քիչ բան կմնա։ Այնտեղ, որտեղ զինված ուժեր կան, դիմադրություն է ցուցաբերվում: Իմ աչքերում արցունքներ են հայտնվում, երբ նայում եմ այն կադրերը, որտեղ անզեն մարդիկ դուրս են գալիս ճանապարհներին եւ կանգնեցնում ռուսական տանկերը։ Նրանք կանգնում են, քանի որ ինչ-որ տեղ նրանց սրտում դեռ ինչ-որ բան կա: Արդյո՞ք երկար: Ոչ, չեմ կարծում, որ նման սցենար հնարավոր է", - ասել է նա։
Դրա հետ մեկտեղ, նա գոհունակություն է հայտնել արևմտյան երկրների կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցության կապակցությամբ։ Նրա խոսքով՝ մարտական գործողությունների առաջին օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունն այն մասին, որ երկիրը միայնակ է մնացել, հուզական է եղել: "Մենք մենակ չենք։ Գալիս է օգնություն: Իրական ռազմական օգնություն: ԵՄ-ն իր պատմության մեջ առաջին անգամ է ֆինանսավորում է ռազմական գործողություն: Ուկրաինական բանակի սպառազինման եւ մատակարարման համար հատկացվել է 450 մլն եվրո, 70 Ինքնաթիռ: Այո, դրանք նոր ինքնաթիռներ չեն, բայց դրանք մեզ այսօր խիստ անհրաժեշտ են, քանի որ Ռուսաստանն ունի երկնքում գերիշխանություն", - ասել է նա, հավելելով, որ Ուկրաինան միայնակ չէ, այդ Ռուսաստանը կտրված է փողից, երկնքից, և այդ ճնշումը շարունակվելու է։
Անդրադառնալով երկրում, հատկապես Կիեւում տիրող հումանիտար իրավիճակին՝ Ավտոնոմովը նշել է, որ իրավիճակը մայրաքաղաքում բարդ է։ "Խանութները շուրջօրյա չեն աշխատում։ Երեկվանից արգելված է ալկոհոլի վաճառքը։ Խանութներում առաջանում է մեկ այս, ապա՝ մեկ այլ ապրանքի պակաս: Գործարարները շատ են օգնում: Իրավիճակը ծանր է, բայց՝ ոչ կրիտիկական։ Կիեւը հերոս քաղաք է", - հիշեցրել Է դիվանագետը, հավելելով, որ քաղաքում խուճապ չկա, մարդիկ հասկանում են իրավիճակը, եւ, եթե պետք է, հերթ էլ են կանգնում ։ Ընդ որում, նա նշել է, որ Ռուսաստանը խաղադրույք էր կատարել այն բանի վրա, որ պատերազմը կտեւի 2-3 օր, սակայն, սխալվել է:
Անդրադառնալով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին՝ Ավտոնոմովը համաձայնել է, որ բանակցությունները միշտ պետք են, սակայն, Ուկրաինան չի ընդունի վերջնագրեր և կապիտուլյացիա։ Նա նշել է, որ ռուսական կողմը պատրաստ չէ փոխել դիրքորոշումը և հրաժարվել նախկինում առաջ քաշված և Ուկրաինայի համար անընդունելի պայմաններից (ապառազմականացում, ապաազգայնացում և Ուկրաինայի չեզոք կարգավիճակի ապահովում - խմբ.): Նրա խոսքով ՝ այս պայմաններում Ուկրաինային մնում է միայն կռվել։