Արմինֆո. Ուկրաինայում ընթացող իրադարձությունները ես դիտարկում եմ որպես Եվրոպայի հերթական բաժանման մաս։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։
"Այդ գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ը զորքեր է մտցրել ՆԱՏՕ-ի դաշնակից երկրներ։ Հասկանալի է, որ դա արվել է Ռուսաստանին՝ բալթյան և նախկին Վարշավյան պայմանագրի կազմակերպության երկրներից չհրաժարվելու սեփական վճռականությունը ցուցադրելու նպատակով։ Ռուսաստանն, իր հերթին, այսօր պայքարում է Ուկրաինայի և Բելառուսի համար՝ սեփական ազդեցությունը Եվրոպայի գոնե այս մասում պահպանելու նպատակով", - ընդգծել է նա։
Քաղաքական գործչի կանխատեսումների համաձայն, Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը կանգ չի առնի այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի հասցրել մասնատման եզրին: Եվ մոտ ապագայում պատժամիջոցները բնավ իզորու չեն կանգնեցնելու նրան։ Նրա կարծիքով, խնդիրն Ուկրաինայի համար այն է, որ, վաղ թե ուշ, Ռուսաստանն ու Արևմուտքն ընդհանուր լեզու կգտնեն, իսկ ողջ այս իրավիճակում տուժած կողմ կմնա ուկրաինական ժողովուրդը։
Այս լույսի ներքո՝ Հայրապետյանը հիշեցրել է հայերի պատմական փորձը, երբ յուրաքանչյուր հերթական ռուս-թուրքական պատերազմից հետո գալիս էր հերթական ռուս-թուրքական հաշտեցում։ Մինչդեռ, Հայաստանի տարածքն ավերածության էր ենթարկվում, իսկ հայերն առաջին զոհերն էին նման պատերազմներում։ Իսկ ուկրաինական պատերազմի արդյունքում, նրա կանխատեսմամբ, Հայաստանը կհայտնվի ՌԴ-ի կողմից ուժգնացող ճնշման կենտրոնում։ Այն դեպքում, երբ Ադրբեջանն Արևմուտքի ուղղությամբ ալիևյան հմուտ գազային մանևրների շնորհիվ կարողացավ խուսափել նման ճնշումներից։ Եվ, ավելին, Ուկրաինական խաղում դարձավ պահանջված խաղացող։
"Նման ֆոնին՝ Հայաստանին մնում է մեկ բան. ձեռնպահ մնալ կտրուկ, չմտածված շարժումներից և փորձել կենտրոնացնել ու համախմբել առկա ռեսուրսներն ու ներուժը։ Առաջիկա տարին լի կլինի նոր մարտահրավերներով ու սպառնալիքներով, այդ թվում՝ մեզ համար։ Ցավոք սրտի, ես նման ցանկություն և ունակություններ չեմ տեսնում մեր քաղաքական դասի շրջանում։ Այդ մարդիկ ՝ իշխանությունն ու ընդդիմությունը, միմյանց համարում են ավելի մեծ թշնամին, քան՝ Ադրբեջանին կամ Թուրքիային։ Եվ ես մտավախություն ունեմ, որ հարևան Իրանի և Արևմուտքի հետ հարաբերություններն էապես բարելավելու և կարգավորելու ներկայիս հնարավորությունը, քանի դեռ ՌԴ-ն, այսպես ասենք, մեզանով զբաղվելու այնքան էլ ժամանակ չունի, նույնպես նրանք բաց կթողնեն", - ամփոփել է Հայրապետյանը։