Արմինֆո. Ուկրաինայում և Ուկրաինայի շուրջ ընթացող իրադարձությունները ցույց են տալիս արդեն ոչ թե երկբևեռ, այլ եռաբևեռ աշխարհի ձևավորման փաստը։ Աշխարհ, որի մասին դեռ 10 տարի առաջ խոսում էին միայն տեսականորեն։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել փորձագետ-միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
"Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, թվում է, մի միջանկյալ փուլ է նման աշխարհի ձևավորման ճանապարհին, որի բևեռներն են ԱՄՆ-ը, Չինաստանը և այժմ արդեն Ռուսաստանը։ Հասկանալի է, որ միայն Ուկրաինայով այդ գործընթացը չի ավարտվի։ Այն կունենա տեւական բնույթ: Սակայն, այդ գործընթացի և դրա արդյունքների հետ պետք է հաշվի նստեն բոլոր պետությունները", - նկատել է նա։
Առկա իրավիճակում, ըստ Սարգսյանի, տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանը դուրս է եկել ողջ աշխարհի դեմ։ Ինչի բնական պատասխանն արդեն դարձել են միջազգային պատժամիջոցները։ Իսկ ավելի լայն, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի և Արևմուտքի միջև նոր սառը պատերազմը, որի մյուս բոլոր ատրիբուտները, ըստ նրա կանխատեսումների, շատ շուտով ի հայտ կգան։ Ընդ որում, փորձագետը բոլորովին չի կարծում, որ ՌԴ-ի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցների քաղաքականությունը և սառը պատերազմը կարող են վերաճել ռազմական գործողությունների։ Իսկ ԱՄՆ-ը, ակնհայտորեն, բնավ չի պատրաստվում Ռուսաստանի դեմ պատերազմել Ուկրաինայի համար։
Փորձագետի կանխատեսմամբ՝ Ուկրաինային ԱՄՆ աջակցությունն ունի և կունենա բացառապես տնտեսական, ֆինանսական բնույթ։ Նաև ռազմական աջակցություն կիրականացվի սպառազինության մատակարարումների միջոցով։ Սակայն, նույն ամերիկացի զինվորականների ուղղակի մասնակցություն Ուկրաինայում ռազմական գործողություններին չի լինի, ինչի մասին ԱՄՆ նախագահ Բայդենը միանգամայն հստակ ասւոմ է։
Չհերքելով Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի նման քաղաքականության էական բացասական ազդեցության փաստը՝ Սարգսյանն, այնուամենայնիվ, կարծում է, որ Մոսկվայում պատժամիջոցների հեռանկարներն ի սկզբանե հաշվարկված են եղել։ Եվ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը պասիվ փուլ վերադարձնելուց հետո ՌԴ-ն, բնականաբար, կփորձի չեզոքացնել պատժամիջոցների հետևանքները։ Առաջին հերթին՝ ԵՄ առանձին երկրների հետ համապատասխան աշխատանքի միջոցով։ Ինչը, հաշվի առնելով ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականության բումերանգի ազդեցությունը ԵՄ-ի վրա, արող է հաջողություն ունենալ։
"Այսօր բավական դժվար է արձանագրել որպես ստեղծված փաստ, նույնիսկ, Մոսկվայի նպատակներն Ուկրաինայում։ Էլ չենք խոսում այն մասին, թե որքան հեռու նա կարող է գնալ այդ ճանապարհին: Բայց, ամեն դեպքում, ես չեմ կարծում, որ Ուկրաինայում ընթացող լայնածավալ ռազմական գործողությունները դեռ երկար կտեւեն։ Թեև, պատժամիջոցների մակարդակով Արևմուտքն արդեն համախմբվել է Ռուսաստանի դեմ։ Միանգամայն այլ հարց է, թե արդյոք այդ պատժամիջոցներն այնքան արդյունավետ կլինեն, որ կանգնեցնեն Մոսկվային Ուկրաինայում իր ծրագրերի ու խնդիրների կատարման ճանապարհին", - ամփոփել է Սարգսյանը։