Արմինֆո. Վրաստանի Ազգային բանկը պատրաստ է օգնություն ցուցաբերել ՎՏԲ-ի տեղական բաժանմունքին՝ Արեւմուտքի սահմանած պատժամիջոցների պատճառով իրացվելիության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում: Ըստ "Նովոստի Գրուզիա"-ի՝ այդ մասին ասվում է ֆինանսական կարգավորչի հայտարարությունում։
Կարգավորիչը հաղորդում է, որ "պոտենցիալ ռիսկերի չեզոքացման նպատակով ՎՏԲ դուստր "ՎՏԲ-Վրաստան Բանկ"-ի հետ համատեղ նախապես մշակվել է գործողությունների ծրագիր՝ պատժամիջոցների կիրառման դեպքում:
"Արդյունքում՝ և բանկը, և Վրաստանի Ազգային բանկը լիովին պատրաստ են ստեղծված իրավիճակին։ Բանկը վճարունակ է, նրա ավանդատուների շահերը լիովին պաշտպանված են: "ՎՏԲ-Վրաստան Բանկ" ԲԸ-ն շարունակում է աշխատել այդ սահմանափակումների պայմաններում: Լրացուցիչ իրացվելիության անհրաժեշտության դեպքում ՎԱԲ-ը պատրաստ է բանկին տրամադրել համապատասխան ֆինանսական ռեսուրսներ", - ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լրագրողների հետ զրույցում հաղորդել էր, որ Վրաստանը չի միանա Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի ֆինանսական եւ տնտեսական պատժամիջոցներին: Այսօր կառավարող "Վրացական երազանք" կուսակցությունը հրաժարվել է մասնակցել խորհրդարանի արտահերթ նիստին՝ ընդդիմությանը մեղադրելով Ուկրաինայի թեման շահարկելու համար: Նախօրեին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է խորհրդարանի արտահերթ նիստ նշանակելու մասին հարցումը, որը նրա վարչակազմն ստացել է մի խումբ ընդդիմադիրների կողմից՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություն սկսելուց հետո: