


Արմինֆո. Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը ողջ կազմով աշխատում է և մշտական կապի մեջ է գտնվում ՀՀ քաղաքացիների հետ։ Այդ մասին ասվում է դեսպանննության ֆեյսբուքյան էջում զետեղված հայտարարությունում:
Նաեւ նշվում է, որ Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիները, ովքեր դեռևս կապ չեն հաստատել դեսպանության հետ, կարող են զանգահարել և իրենց գտնվելու վայրի վերաբերյալ և այլ անհրաժեշտ տեղեկություններ դեսպանությանը փոխանցել հետևյալ հեռախոսահամարներով․
+380442349005
+380671090506
+380689602524
+380685000782:
Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է Դոնբասի տարածքում հատուկ գործողություն անցկացնելու մասին: ՌԴ ՊՆ-ն ավելի ուշ հաղորդել է Ուկրաինայի զինված ուժերի հակաօդային պաշտպանության միջոցները ճնշելու մասին։ ՌԴ ՊՆ նաեւ հաղորդել է, որ Ուկրաինայի սահմանապահ ծառայության զինծառայողները ռուսական ստորաբաժանումներին ոչ մի դիմադրություն չեն
ցուցաբերում, իսկ երկրի օդային ռազմակայանների ռազմական ենթակառուցվածքը շարքից դուրս է բերվել:
Ուկրաինայի գլխավոր շտաբը, իր հերթին, հայտարարել է, փետրվարի 24-ին Միացյալ ուժերի գործողության անցկացման շրջանում խոցվել է ՌԴ ԶՈՒ 5 ինքնաթիռ եւ ուղղաթիռ: Ուկրաինայի գլխավոր շտաբը նաեւ հաղորդել է, որ ռուսական զորքերը հրթիռառումբային հարվածներ են հասցրել Բորիսպոլի, Օզերնի, Կուլբակինի, Չուգուեւի, Կրամատորսկի, Չեռնոբաեւկայի օդանավակայաններին, ինչպես նաեւ Ուկրաինայի ԶՈՒ ռազմական օբյեկտներին:



