Արմինֆո.Հայաստանը կմիանա ԱՊՀ անդամների կողմից ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման եւ դրանց հետագա կատարելագործման մասին համաձայնագրին:
Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը, գործադիրն այսօրվա նիստում հավանություն է տվել 2018 թվականի հունիսի 6-ին ստորագրված՝ «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ըստ հիմնավորման, ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործումը և կատարելագործումն իրականացվում են համաձայնագրի մասնակից պետությունների զինված ուժերի կառավարման հուսալիության բարձրացման և դրանց միջև փոխգործակցության կապերի կազմակերպման նպատակներով: Համաձայնագրի շրջանակում համագործակցությունը հնարավորություն կընձեռի ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմական նշանակության կապի ժամանակակակից տեսակների, ինչպես նաև արբանյակային կապի համակարգերի ուղեծիրային խմբավորման օգտագործումը:
Փաստաթղթին կից հիմնավորում-տեղեկանքի համաձայն, միջկառավարական մակարդակով համաձայնագիրը Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի կառավարությունների ներկայացուցիչների կողմից ստորագրվել է 2018 թվականի հունիսի 6-ին Կիզիլում: Այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փաստաթուղթը չի ստորագրել։
Փաստաթղթում նշվում է, որ հաշվի առնելով ՌԴ ԶՈՒ արբանյակային կապի միասնական համակարգում ամրագրված տեխնիկական բնութագրերը, ցամաքային միջոցների համատեղ աշխատանքը հնարավոր է միայն ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերում արբանյակային կապի կայանների առկայության դեպքում, որոնք ընդունվել են ՌԴ ԶՈՒ մատակարարման:
Համաձայնագիրը նաեւ ամրագրում է մասնակից յուրաքանչյուր երկրի պարտավորությունը՝ ապահովել տիեզերական համալիրների կատարելագործման գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների կատարումը: Փաստաթղթի համաձայն ՝ երկրները պարտավորվում են համագործակցել նոր արբանյակային համակարգերի ստեղծման եւ գործող տիեզերական ապարատների օգտագործման ժամանակ, ինչպես նաեւ կիսվել կապի նոր արբանյակային համակարգերի թողունակության ռեսուրսով, ելնելով այն հանգամանքից, թե համաձայնագրի մասնակիցները որքան են ծախսում տիեզերական ռազմական սարքերի վրա:
Համաձայնագրի իրագործումը նաեւ նախատեսում է ԱՊՀ մասնակիցների ռազմական նշանակության արբանյակային կապի ինտեգրված համակարգի ստեղծում ՝ նրա ազգային հատվածների ծավալման միջոցով:
Համաձայնագրի իրականացմանն ուղղված գործունեության համակարգումը դրվում է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի վրա, իսկ համագործակցությունն իրականացվում է համապատասխան երկրների պաշտպանության նախարարությունների միջոցով: