
Հրեական համայնքը պաշտպանված է զգում իրեն Հայաստանում, իսկ իշխանությունները հարգանքով են վերաբերվում հրեաների իրավունքներին, մշակույթին, ավանդույթներին: Այդ մասին ասվում է Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյան-Ֆելլերի`միջազգային հանրությանը և ամբողջ աշխարհի հրեաներին ուղղված բաց նամակում:
Համայնքի ղեկավարը նշում է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, երբ քաղաքակիրթ ողջ մարդկությունը Հայաստանի կողքին է գտնվում և հարգանքի տուրք է մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին, ակտիվացել է նաև թուրք-ադրբեջանական քարոզչությունը: Մասնավորապես, նա նշում է, որ Բաքուն և Անկարան, միջազգային հանրության ուշադրությունը շեղելու նպատակ հետապնդելով, փորձում են տվեր նետել հայ-հրեական հարաբերությունների վրա:
ՙՆույնիսկ եթե Հայաստանում եղել են հակասեմիթության նշաններ, ինչը, ցավոք, կարող է տեղի ունենալ աշխարհի ցանկացած անկյունում, դրանք երբեք աջակցություն չեն գտել ոչ միայն իշխանությունների, այլ նաև քիչ թե շատ ազդեցիկ հասարակական-քաղաքական ուժերի կողմից: Մի՞թե Հայաստանի շրջաններից մեկում պետության հատկացրած միջոցներով միջնադարյան հրեական գերեզմանատան վերականգնումը կարող է հակասեմիթական քաղաքականության դրսևորում համարվել՚,- նշում է Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը:
Նա նաև ընդգծում է, որ հրեական համայնքը պաշտպանված է զգում իրեն Հայաստանում, իսկ իշխանությունները հարգանքով են վերաբերվում հրեաների իրավունքներին, մշակույթին, ավանդույթներին: ՙԻհարկե, համայնքը նաև խնդիրներ ունի, որոնք բխում են երկրի ընդհանուր իրավիճակից: Հետխորհրդային շրջանում տնտեսական ծանր պայմանների հետևանքով Հայաստանից հեռացել են բազմաթիվ հայ քաղաքացիներ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Հայաստանի հրեաները կիսում են երկրի բոլոր դժվարությունները`միաժամանակ ՀՀ հպարտ քաղաքացիներ համարելով իրենց: Ինչ վերաբերում է հասարակայնությանը, հայերը միշտ հիացմունքով են վերաբերվել հրեաներին և Իսրայելի պետությանը՚,- նշել է համայնքի ղեկավարը: Միաժամանակ Վարժապետյան-Ֆելլերը գտնում է, որ որքան էլ Ադրբեջանի իշխանությունները փորձեն ներկայանալ որպես Իսրայելի դաշնակիցներ, նրանք չեն կարող հրեա ժողովրդի բարեկամը լինել: ՙԱկնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարները շատ վտանգավոր խաղ են սկսել, եթե կարծում են, թե իրենց կհաջողվի Իսրայելին և աշխարհի հրեաներին օգտագործել`իրենց նեղ շահերի առաջմղման համար՚,- եզրափակել է համայնքի ղեկավարը: