Արմինֆո.Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի հանդիպումը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների, ինչպես նաև Հայաստանի ակադեմիական և փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ:
Ինչպես հաղորդում է ՀՀ-ում ՂՀ դեսպանատան մամլո ծառայությունը, զրույցի ընթացքում դեսպանը տեղեկացրել է Ղազախստանում սոցիալ-տնտեսական, քաղաքական եւ ժողովրդավարական բարեփոխումների, ՂՀ նախագահ Ժոմարտ Տոկաեւի կողմից կառավարության առջեւ դրված խնդիրների եւ երկրի հետագա տնտեսական զարգացմանն ու քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը միտված խնդիրների մասին:
Հանդիպման մասնակիցները նշել են երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը մշակութային - հումանիտար, ինչպես նաև գիտության, կրթության, գրականության և արվեստի բնագավառներում: ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծել է, որ 2022 թվականին նշվում է Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս ամրապնդել փոխշահավետ համագործակցությունը գիտակրթական ոլորտում:
Ղազախա-հայկական մշակութային-հումանիտար, կրթական և գիտա-ակադեմիական համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար դեսպան Բ. Իմանբաևը Ղազախստանի ղեկավարության անունից ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանին և ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ամբիոնի դոցենտ, ՀՀ արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ Շավարշ Քոչարյանին հանձնել է "Ղազախստանի անկախության 30 տարիները" մեդալը: