
Երևանում`Ռուսաստանի դեսպանատան շենքի մոտ, բողոքի ակցիա է տեղի ունենում, որի մասնակիցները ռուսական կողմից պահանջում են գյումրեցի ընտանիքի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին անհապաղ հանձնել Հայաստանի իրավապահ մարմիններին:
Ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, որոշ ցուցարարներ փորձել են այրել ՌԴ դրոշը, սակայն ոստիկանության և ակցիայի այլ մասնակիցների ճնշման ներքո զերծ են մնացել դրոշի այրման գործողությունից: Ակցիայի մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների միջև պարբերաբար ընդհարումներ են տեղի ունենում, քանի որ վերջիններս փորձում են խոչընդոտել ակցիայի անցկացմանը: Նշենք, որ ամեն բան սկսվել է Հայաստանի գլխավոր դատախազի հայտարարությունից, որ Ռուսաստանի օրենսդրության համաձայն, Պերմյակովը չի կարող հանձնվել հայկական կողմին: Այնուհետև գլխավոր դատախազը հայտարարել է, որ քննությունն ընթանալու է Հայաստանի տարածքում`ՀՀ և Ռուսաստանի օրենսդրությունների համաձայն: Ներկայումս ռուսական և հայկական կողմերը երկու առանձին գործ են հարուցել: Ըստ որում, Կոստանյանը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե որտեղ է Պերմյակովը կրելու իր պատիժը: Մինչդեռ ռուսական կայազորի դատարանն արդեն Պերմյակովի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու որոշում է կայացրել: Դա հարուցել է հայկական կողմի տարակուսանքը, քանի որ, ՀՀ գլխավոր դատախազի հավաստմամբ, գործով բոլոր իրեղեն ապացույցները գտնվում են հայ իրավապահների մոտ: Հունվարի 12-ին Գյումրիում սպանվել էին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները: Սպանդի համար կասկածվում է ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովը, որն այս պահին գտնվում է 102-րդ ռազմակայանում: Հունվարի 14-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ Պերմյակովին հայկական կողմին հանձնելու հարց չի քննարկվում: Սակայն 102-րդ ռազմակայանի մերձակայքում բազմահազարանոց բողոքի գործողության մեկնարկից և ՀՀ նախագահի նստավայրում խորհրդակցությունից հետո գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ Պերմյակովը պատասխանատվություն կկրի օրենքի ողջ խստությամբ` Հայաստանի տարածքում, որի քաղաքացիները հնարավորություն կունենան հետևել ողջ գործընթացին: