Արմինֆո.ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխատում է Լեռնային Ղարաբաղ անկախ տեխնիկական առաքելություն ուղարկելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի գրասենյակում: «Մենք շարունակում ենք աշխատել 1954 թ. Հաագայի կոնվենցիայի շրջանակներում Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ տեխնիկական առաքելություն ուղարկելու ուղղությամբ:
Հույս ունենք, որ դա հնարավոր կլինի շուտով, բայց տվյալ պահին դրա համար անհրաժեշտ պայմաններ չկան: Ուստի քննարկումները դեռ շարունակվում են», - «Արմենպրես»-ին հաղորդել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի գրասենյակի աշխատակից Թոմաս Մալարդը:
Պատասխանելով հարցին, թե նկատի ունենալով «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Հաագայի դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի վճիռը հրատապ միջոցներ կիրառելու մասին՝ ինչպե՞ս է կազմակերպությունը գնահատում Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կառավարության գործողությունները, այդ թվում վերջերս արված հայտարարությունը, թե Ադրբեջանում ձևավորվել է «մասնագետների» աշխատանքային խումբ, որը իբրև թե «աղվանական եկեղեցիներից» ջնջելու է հայկական գրություններն ու այլ հետքերը, և թե արդյոք պատմության ադրբեջանական մեկնաբանությունը կարող է արդարացում լինել կրոնական և այլ հուշակոթողներից հայկական պատմական գրություններն ու այլ հետքերը վերացնելու համար, ՅՈՒՆԵՍԿՕ-ն շեշտել է, որ պատմամշակութային ժառանգությունը չպետք է դառնա գործիք քաղաքական նպատակների համար: «Մշակութային ժառանգությունը և պատմությունը չպետք է դառնան գործիք քաղաքական որևէ նպատակի համար: Մենք կոչ ենք անում մեր բոլոր անդամ պետություններին ամբողջ աշխարհով մեկ հարգել այս սկզբունքը», - հայտարարել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում:
Հիշեցնենք, որ դեռեւս 2020 թվականի նոյեմբերի 20 - ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն հայտնել էր, որ կազմակերպությունը պատրաստ է առաքելություն ուղարկել Ղարաբաղ ՝ օգնելու տարածաշրջանի պատմամշակութային ժառանգության վերականգնմանը: Իսկ արդեն նույն տարվա դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Էռնեստո Օտտոնեն նշել է, որ կազմակերպությունը "առայժմ սպասում է միայն Ադրբեջանի պատասխանին, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարողանա շարունակել աշխատանքը տեղերում առաքելության ուղղությամբ": Իր հերթին՝ Ադրբեջանի ԱԳՆ-ը 2020 թվականի դեկտեմբերի 22-ին տարածած կոմյունիկեում կոչ է արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին չքաղաքականացնել Ղարաբաղում մշակութային ժառանգության պաշտպանության հարցը եւ հայտարարել Է, որ Բաքուն "բաց է կառուցողական երկխոսության ՝ առաքելության կազմակերպման մանրամասները քննարկելու համար": Ռուսաստանի ԱԳՆ-ում բազմիցս հայտարարել են, որ Մոսկվան ակնկալում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ արդեն մոտ ժամանակներս: Սակայն հարցը միտումնավոր ձգձգվում է ադրբեջանական կողմից, և այդ ֆոնին Լեռնային Ղարաբաղի տարածքներում, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ, կատարվում են վանդալիզմի ակտեր, քանդվում են հայկական պատմամշակութային հուշարձանները։