Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության վարչապետ Անա Բռնաբիչին՝ Պետականության օրվա առթիվ: Ինչպես հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, ուղերձում ասված է.
«Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սերբիայի Պետականության օրվա կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ և ամենայն բարիք բարեկամ սերբ ժողովրդին՝ իր պետականության հիմքերն էլ ավելի ամրապնդելու և երկիրը մշտապես բարգավաճման ուղով տանելու համար։ Հայաստանը կարևորում է Սերբիայի հետ ընդհանուր արժեքների և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված բարեկամական կապերը։ Մեր երկրների միջև հարաբերությունները մշտապես աչքի են ընկել իրենց առանձնահատուկ ջերմությամբ և երկու ժողովուրդների միջև առկա փոխադարձ համակրանքով: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի արձանագրել նոր ձեռքբերումներ և նվաճումներ ու որակական նոր մակարդակի բարձրացնել բազմաբնույթ համագործակցությունը Հայաստանի և Սերբիայի միջև: Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։