
Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պատկերացում չունի, թե ինչ հիմունքով է ռուսական կողմը մեղադրանք առաջադրել զինծառայող Վալերի Պերմյակովին, ով մեղադրվում է գյումրեցի ընտանիքի սպանության մեջ:
Նրա խոսքով, հայ-ռուսական միջպետական պայմանագրի համաձայն, հանցագործության քննությունը գտնվում է հայկական կողմի իրավասության ներքո: Ավելին, ընդգծել է նա, գործով բոլոր իրեղեն ապացույցները նույնպես գտնվում են հայ իրավապահների մոտ: Այս առնչությամբ Կոստանյանը տարակուսանք է հայտնել, թե ինչ հիմունքով է ռուսական կողմը մեղադրանք առաջադրել Պերմյակովին:
Ըստ որում, նա նշել է, որ անկախ ռուսական կողմի գործողություններից, Հայաստանի իրավապահները սեփական քննությունն են իականացնելու: Նրա խոսքով, ռուսական կայազորի դատարանի կողմից Պերմյակովի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու որոշումը ՙորևէ նշանակություն չունի՚, քանի որ հայկական կողմից մեղադրանք առաջադրելուց հետո խափանման միջոց ընտրելու հարցը նորից կքննարկվի:
Սակայն, գլխավոր դատախազը չի բացառել հետագայում երկու վարույթների միացման հնարավորությունը: Կոստանյանը նշել է, որ ռուս իրավապահները տրամադրված են պատասխանատվության ենթարկել ոչ միայն Պերմյակովին, այլ նաև նրանց, ում անփութության պատճառով այդ հանցագործությունը հնարավոր է դարձել:
Ըստ որում, Կոստանյանը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե որտեղ է Պերմյակովը կրելու իր պատիժը դատապարտման դեպքում: ՙԱյդ հարցը հետո կքննարկվի, դա միանգամայն այլ ընթացակարգ է՚,- նշել է գլխավոր դատախազը:
Ռուսական կայազորի դատարանի որոշման համաձայն, 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը կալանավորվել է`երկու և ավելի անձանց սպանության, ինչպես նաև զենքով դասալքության մեղադրանքով: Հունվարի 12-ին Գյումրիում սպանվել էին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները: Սպանդի համար կասկածվում է ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովը, որն այս պահին գտնվում է 102-րդ ռազմակայանում: Հունվարի 14-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ Պերմյակովին հայկական կողմին հանձնելու հարց չի քննարկվում: Սակայն 102-րդ ռազմակայանի մերձակայքում բազմահազարանոց բողոքի գործողության մեկնարկից և ՀՀ նախագահի նստավայրում խորհրդակցությունից հետո գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ Պերմյակովը պատասխանատվություն կկրի օրենքի ողջ խստությամբ` Հայաստանի տարածքում, որի քաղաքացիները հնարավորություն կունենան հետևել ողջ գործընթացին: -լ-