


Գյումրիում սարսափելի
ոճրագործության համար մեղավորը խստագույն պատիժը կկրի: Այդ մասին նշվում է Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատարի անձնակազմի հետ աշխատանքի գծով տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչի հայտարարությունում:
Հունվարի 12-ին Գյումրիում սպանվել էին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները: Սպանդի համար կասկածվում է ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովը, որն այս պահին գտնվում է 102-րդ ռազմակայանում: Հունվարի
14-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ Պերմյակովին հայկական կողմին
հանձնելու հարց չի քննարկվում: Սակայն 102-րդ ռազմակայանի մերձակայքում
բազմահազարանոց բողոքի գործողության մեկնարկից և ՀՀ նախագահի նստավայրում
խորհրդակցությունից հետո գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ
Պերմյակովը պատասխանատվություն կկրի Հայաստանի և Ռուսաստանի օրենքների ողջ
խստությամբ` Հայաստանի տարածքում:
«102-րդ ռազմակայանի հրամանատարությունն ու անձնակազմը ցնցված են ահավոր ողբերգությունից: Կիսելով
եղբյրական հայ ժողովրդի վիշտը` ցավակցում ենք զոհերի հարազատներին եւ մերձավորներին: Մեր բազմադարյա բարեկամությունը բազմաթիվ փորձությունների միջով է անցել թե պատերազմների, թե սարսափելի բնական աղետների ժամանակ: Հիմա եկել է ևս մեկ փորձության ժամանակը: Նման հանցագործություն կատարած անձինք, ազգություն չունեն», -
հայտարարել է զինվորականը:
Պոլյուխովիչը նաև հաղորդել է, որ ՀՀ և ՌԴ քննչական մարմինները հանցագործության համատեղ համակողմանի հետաքննություն են իրականացնում, հավելելով, որ 102-րդ ռազմակայանի հրամանատարությունը բազմակողմանի օգնություն կտրամադրի զոհերի հարազատներին: Վերջում նա հայտարարել է, որ ռուսական կողմն ակնկալում է հայ ժողովրդի ըմբռնումն ու աջակցությունը, ընդգծելով, որ միայն միասին հնարավոր կլինի հաղթահարել ամեն
մի դժվարություն:



