Արմինֆո.ԱԻՆ Սեյսմիկ ծառայություններն ուսումնասիրում են երկրի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքները:
ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երեւանի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 68ա շենքի 2-րդ հարկի պատշգամբը։ Դեպքի վայր է մեկնել թիվ 3 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, պարզվել է, որ շենքի մուտքի պատշգամբից պոկվել է երկու քար։ Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և հեռացրել քարերը։
Ահազանգ է ստացվել, որ մասամբ փլուզվել է Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10 շենքի պատը։ Դեպքի վայր է մեկնել 15 ՓՋ-ն, պարզվել է, որ վթարային շենքի պատից թափվել է 8 հատ քար։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Մի քանի շենքերի բնակարաններում, ըստ ահանզանգերի, առաջացել են ճաքեր կամ լայնացել են առկա ճեղքերը։
Լոռու մարզում արձահանգրվել է 4 դեպք: Ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Ստեփանավան քաղաքի Սոս Սարգսյան փողոցի թիվ 2 տան նկուղի պատը։ Դեպքի վայր է մեկնել թիվ 40 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, պարզվել է, որ տան նկուղի պատից փլուզվել է մոտ 3 ք․մ հատված, տուժածներ չկան։ Ալավերդու, Ստեփանավանի, Վանաձորի մի քանի շենքերից պոկվել են քարեր, ծեփամածիկ, երեսպատման սալիկներ:
Շիրակի մարզում արձանագրվել է 1 դեպք: Ահազանգ է ստացվել, որ քարեր են թափվել Գյումրի քաղաքի Անտառավան 3-րդ թաղամասի թիվ 26 շենքից: Դեպքի վայր է մեկնել թիվ 48 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, պարզվել է, որ թիվ 26 շենքի (3-րդ, մասնակի 4-րդ կարգի վթարային) 4-րդ և 5-րդ հարկերից թափվել է 8 քար (մոտ 15 ք.մ): Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:
Նույն օրը կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ և Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահների հետ՝ ճշգրտվել Վրաստանի Հանրապետությունում օպերատիվ իրավիճակը՝ փլուզումներ և ավերածություններ չկան։
Ավելի վաղ ԱԻՆ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա բնակավայրից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Տավուշի, Կոտայքի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Ըստ նախնական տվյալների ավերածություններ չկան: