Արմինֆո. Հայաստանն առաջատար դիրք է զբաղեցնում տարածաշրջանում ժողովրդավարության ինդեքսով, և կառավարման հիբրիդային համակարգ ունեցող երկրների թվում։ Այդ մասին են վկայում ժողովրդավարության Ինդեքս - 2021-ի տվյալները, որը հրապարակել է The Economist Intelligence Unit-ը։
Հետազոտության համաձայն, Հայաստանում ընտրական գործընթացներն ու բազմակարծությունը գնահատվել են 5.5 միավոր, կառավարության արդյունավետությունը՝ 5.71 միավոր, քաղաքական ակտիվությունը՝ 6.11 միավոր, քաղաքական մշակույթը՝ 3.13, իսկ քաղաքացիական ազատությունը՝ 5 միավոր: Այսպիսով, Հայաստանի ընդհանուր ցուցանիշը 5.49 միավոր է եւ 89-րդ տեղը 2021 թվականի ժողովրդավարության ինդեքսում։ Այսպիսով, ըստ Ինդեքսի տվյալների, Հայաստանը տարածաշրջանում լավագույն դիրքն ունի։ Վրաստանը, որը նույնպես գտնվում է կառավարման հիբրիդային համակարգ ունեցող երկրների ցանկում, գտնվում է 91-րդ հորիզոնականում՝ 5.12 ընդհանուր միավորով: Հարեւան Թուրքիան՝ 4.35 միավորով զբաղեցնում է 103-րդ տեղը։
Ավտորիտար ռեժիմների թվում են Ալժիրը, Եգիպտոսը, Ռուանդան, Վիետնամն ու Չինաստանը, ինչպես նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ադրբեջանը, Կենտրոնական Ասիայի բոլոր պետությունները:
167 երկրների թվում վարկանշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել է Նորվեգիան (9,75 միավոր), որին հետեւում են Նոր Զելանդիան (9,37), Ֆինլանդիան (9,27), Շվեդիան (9,26), Իսլանդիան (9,18) եւ Դանիան (9,09): Գերմանիան 15-րդ տեղում է ՝ 8,67 միավորով: Վերջին տեղերում են Սիրիան եւ ԿԱՀ-ը (1,43-ական միավոր), Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը (1,40), Հյուսիսային Կորեան (1,08), Մյանման (1,02) եւ Աֆղանստանը (0,32):
Հիշեցնենք, որ Ինդեքսը երկրները բաժանում է չորս խմբի. բացարձակ ժողովրդավարություն, անկատար ժողովրդավարություն, կառավարման հիբրիդային համակարգ, ավտորիտար ռեժիմ։ Զեկույցը կազմելիս փորձագետները հաշվի են առնում հինգ հիմնական գործոն. ընտրական գործընթացներ՝ բազմակարծություն, կառավարության արդյունավետություն, քաղաքական ակտիվություն, քաղաքական մշակույթը քաղաքացիական ազատություններ։
The Economist պարբերականի հետազոտության համաձայն, աշխարհի բնակչության կեսից պակասը 2021 թվականին ապրել է ժողովրդավարության պայմաններում, 167 երկրներից միայն 21-ն են հասել "լիարժեք ժողովրդավարության" կարգավիճակին: Աշխարհում ժողովրդավարության ընդհանուր ինդեքսը 2020 թվականի 5,37-ից անցյալ տարի նվազել է մինչեւ 5,28, ինչը դարձել է ամենամեծ տարեկան անկումը 2010 թվականից ի վեր: Նաեւ նշվում է, որ արդյունքներն արտացոլում են համավարակի բացասական ազդեցությունը ժողովրդավարության եւ ազատության վրա երկրորդ տարին անընդմեջ եւ մատնանշում են պետական իշխանության կտրուկ ընդլայնումը եւ անհատական ազատությունների լղոզումը: Որպես ժողովրդավարություն դասակարգվում են 6,0-ից բարձր վարկանիշ ունեցող երկրները։