
Արմինֆո.44-օրյա պատերազմի ավարտից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի կողմից առաջարկված` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի փաստահավաք առաքելության իրականացումը համարում ենք առաջնահերթ և հրատապ։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի մշակույթի նախարարության հայտարարության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի մեկնաբանության մեջ։
«Հայաստանը սատարում է այս առաքելության՝ հնարավորինս արագ կյանքի կոչմանը` «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիային և դրան կից երկու արձանագրություններին համահունչ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անհապաղ իրականացման անհրաժեշտությունն առաջացել է պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացման վերահաս վտանգից պաշտպանելու համար: Հայկական հուշարձանների հանդեպ արդեն իսկ արձանագրված վանդալիզմի դեպքերը, ինչպես նաև Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից օրեր առաջ հայկական պատմամշակութային ժառանգության ինքնությունը խեղաթյուրելուն ուղղված աշխատանքային խմբի ստեղծման ազդարարումը փաստում են, որ նման վտանգն առավել քան իրական է։ Երևան և Բաքու ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակության այցելության առաջարկը դիտարկում ենք բացառապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից առաջարկված վերոնշյալ առաքելության շրջանակում», - ընդգծել է մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք, որ դեռեւս 2020 թվականի նոյեմբերի 20 - ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն հայտնել էր, որ կազմակերպությունը պատրաստ է առաքելություն ուղարկել Ղարաբաղ ՝ օգնելու տարածաշրջանի պատմամշակութային ժառանգության վերականգնմանը: Իսկ արդեն նույն տարվա դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Էռնեստո Օտտոնեն նշել է, որ կազմակերպությունը "առայժմ սպասում է միայն Ադրբեջանի պատասխանին, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարողանա շարունակել աշխատանքը տեղերում առաքելության ուղղությամբ": Իր հերթին Ադրբեջանի ԱԳՆ-ն 2020 թվականի դեկտեմբերի 22-ին տարածված կոմյունիկեում կոչ է արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին չքաղաքականացնել Ղարաբաղում մշակութային ժառանգության պաշտպանության հարցը եւ հայտարարել Է, որ Բաքուն "բաց է կառուցողական երկխոսության ՝ առաքելության կազմակերպման մանրամասները քննարկելու համար":
Ռուսաստանի ԱԳՆ-ում բազմիցս հայտարարել են, որ Մոսկվան ակնկալում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ արդեն մոտ ժամանակներս: Սակայն հարցը միտումնավոր ձգձգվում է ադրբեջանական կողմից, և այդ ֆոնին Լեռնային Ղարաբաղի տարածքներում, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ, կատարվում են վանդալիզմի ակտեր, քանդվում են հայկական պատմամշակութային հուշարձանները ։