
Ինչպես և միշտ նման դեպքերում` Գյումրիի ողբերգությանն
առնչվող յուրաքանչյուր խոսք պահանջում է հատուկ կշռադատվածություն և
կոռեկտություն: Ողբերգությունը սահմռկեցուցիչ է, իսկ Ավետիսյանների ընտանիքի վեց
անդամների մահը ցնցում է մինչև հոգու խորքը: ԱրմԻնֆոյին այդպիսի կարծիք է հայտնել
ռուսաստանցի հայտնի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
«Հաշվի առնելով հանգամանքը, որ ողբերգությունն առնչվում
է ռուսական ռազմակայանի զինծառայողին, գործն ինքնըստինքյան վեր է ածվել
քաղաքականի: Սրան ավելացնենք նաև նման դեպքերում անխուսափելի հույզերն ու ընկալման
անհամարժեքությունը, ինչը միշտ չէ, որ հասկանալի է Մոսկվայում: Համոզված եմ, որ
ռուսական կողմը պետք է վերջ դնի մեծամտությանն ու ավելի քիչ հայտարարություններ
անի այն ոգով, թե «դուք գնալու տեղ չունեռք և կլինեք մեզ հետ»: Մշտական
դաշնակիցներ չկան: Իսկ ուկրաինական փորձը Մոսկվային պետք է ինչ-որ բան սովորեցրած
լիներ: Այնտեղ ամեն ինչ չէ, որ հրհարվում է Արևմուտքից, ինչը չի կարելի հերքել,
կային նաև սեփական «մեխերը», որոնք նախապես պետք է հանվեին», - համոզված է
վերլուծաբանը:
Նշելով, որ հայկական կողմին առավելապես գրգռում է Պերմյակովին
Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու ցանկության բացակայությունը,
Մարկեդոնովը համոզմունք է հայտնել, որ իրավիճակն ինքնին չի հարթվի: Նրա
գնահատմամբ, պետք չէ թերագնահատել քաղաքացիական ակտիվությունը Հայաստանում և դա
համարել ԿՀՎ կամ Պետդեպարտամենտի հնարանք: Կան սեփական արմատներ:
«Սակայն եթե շարունակվի լռության խաղը, կգտնվեն
այնպիսիք, ովքեր կցանկանան խորացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև սպին, այդ
ողբերգությունն օգտագործել սեփապան նպատակներով: Դա թույլ չտալու համար պետք է
լինի ինչ-որ արձագանք, հարկավոր է հայկական կողմին հրավիրել ոչ թե ձևական, այլ
իրական նախաքննության, հանցագործի համար իրական պատժի` հրապարակային դատի հիման
վրա: Չեմ կարծում, թե Լինչի դատաստանը լավագույն ելքն է: Դա դժվար է, սակայն
հարկավոր է հանդարտեցնել հույզերը և քաղաքական կրքերը», - համոզված է Մարկեդոնովը:
Վերլուծաբանն ընդգծել է, որ Գյումրիի ռազմակայանը կարևոր
և հարկավոր է ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև Հայաստանին, քանի որ եվրոպացիներն ի
զորու չեն դրան փոխարինել: Մարկեդոնովը կարծում է, որ այսօր Մոսկվան ու Երևանը
պետք է լուծեն բարդ գլուխկոտրուկ, առանց որի լուծման կլինեն լուրջ խնդիրներ:
Հունվարի 12-ին Գյումրիում սպանվել էին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները: Սպանդի համար կասկածվում է ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովը, որն այս պահին գտնվում է 102-րդ ռազմակայանում: Հունվարի 14-ին ՀՀ գլխավոր դատախազությունը
հաղորդեց, որ Պերմյակովին հայկական կողմին հանձնելու հարց չի քննարկվում: Սակայն
102-րդ ռազմակայանի մերձակայքում բազմահազարանոց բողոքի գործողության մեկնարկից և
ՀՀ նախագահի նստավայրում խորհրդակցությունից հետո գլխավոր դատախազ Գևորգ
Կոստանյանը հայտարարեց, որ Պերմյակովը պատասխանատվություն կկրի օրենքի ողջ
խստությամբ` Հայաստանի տարածքում, որի քաղաքացիները հնարավորություն կունենան
հետևել ողջ գործընթացին: